Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Օգոստոս / 2021 : 10-03

Թուրքիան բաց է «Թալիբան»-ի հետ համագործակցության համար. Էրդողան


Թուրքիան բաց է «Թալիբանի» հետ համագործակցության համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան բարձր է գնահատում թալիբների «չափավոր հայտարարությունները»: «Մենք բաց ենք համագործակցության համար: Նրանք շատ զգայուն են վերաբերել Թուրքիայի հետ հարաբերություններին, և մենք հույս ունենք, որ նրանց զգայունությունը կպահպանվի», - հավելել է Էրդողանը, հաղորդել է Sabah-ը:
«Անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին, մենք հակված ենք աջակցել Աֆղանստանին թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում: Մենք արդեն հայտարարել ենք, որ կարող ենք ընդունել «Թալիբան»-ի ղեկավարներին: Մենք պահպանում ենք այդ վերաբերմունքը նաև այսօր: Թուրքիան պատրաստ է ցանկացած տեսակի համագործակցության՝ հանուն Աֆղանստանի ժողովրդի խաղաղության, այդ երկրում բնակվող մեր թուրք հայրենակիցների բարեկեցության և մեր երկրի շահերի պաշտպանության»:
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Քաբուլի օդանավակայանում անվտանգության պահպանման համար այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման զինյալները վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի վրա: «Այժմ մենք մեր ծրագրերն այս ոլորտում կառուցում ենք նոր իրողություններին համապատասխան և շարունակում ենք մեր բանակցությունները... Աֆղանստանում Թուրքիայի ռազմական ներկայությունը կամրապնդի նաև նոր վարչակազմի դիրքերը միջազգային ասպարեզում և կհեշտացնի նրա աշխատանքը»:
Էրդողանը ծրագրում է Աֆղանստանում տիրող իրավիճակը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Թուրքական աղբյուրներն այս շաբաթ Reuters-ին հայտնել են, որ այս նախնական ծրագրերը չեղարկվել են Քաբուլում տիրող քաոսի պատճառով, սակայն Թուրքիան շարունակելու է թալիբներին անվտանգություն և տեխնիկական աջակցություն առաջարկել օդանավակայանում:
Դիտվել է 5793անգամ
Վերջին լուրեր