03 / Սեպտեմբեր / 2021 : 14-35

Ռուստամ Մուրադովն այցելել է Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայողին (լուսանկար)

Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Ստեփանակերտում այցելել է Մարտակերտում հայտնաբերված և իրավապահ մարմինների կողմից կալանավորված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևին: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանցի խաղաղապահների «Տելեգրամի» ալիքից: Ռուստամ Մուրադովը ծանոթացել է նրա առողջական վիճակին։

«Բաբաևի խնդրանքով նրան հնարավորություն կընձեռվի կապ հաստատել հարազատների եւ ընտանիքի անդամների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Արցախի գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ Մարտակերտի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը, նա բերման է ենթարկվել Արցախի ազգային անվտանգության ծառայություն։

Հարուցվել է քրեական գործ՝ առերևույթ Արցախի պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Արցախի Քննչական կոմիտեն գործն ընդունել էր վարույթ։

Ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է:
Դիտվել է 34612անգամ
Վերջին լուրեր