Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Սեպտեմբեր / 2021 : 19-29

Մահացել է Ալեքսանդր Թոփչյանը

2021 թվականի սեպտեմբերի 3-ին Երևանում մահացել է հայ անվանի արձակագիր, դրամատուրգ, գրականագետ, գրաքննադատ և թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը (գրականագետ Էդվարդ Թոփչյանի որդին, գրականագետ, արվեստաբան ու հրապարակախոս Ստեփան Թոփչյանի եղբայրը, դերասանուհի, գրող Անահիտ Թոփչյանի ամուսինը, բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի և դիրիժոր Էդվարդ Թոփչյանի հորեղբայրը)։

Նա ծնվել է 1939 թ․ սեպտեմբերի 7-ին, Երևանում, ՀՀ գրողների միության անդամ է 1970 թվականից։ Սովորել է Երևանի Խանջյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցում։ 1962 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1962–1963 թվականներին աշխատել է «Պիոներ կանչ» պարբերականում, 1963–1965 թվականներին՝ «Հայաստան» հրատարակչությունում, 1966–1975 թվականներին՝ «Գարուն» ամսագրում, 1975–1988 թվականներին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1982–1989 թվականներին՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, որպես Գրական բաժնի վարիչ, 1991–1995 թվականներին՝ ՀՀ ԱԺ լրատվության հանձնաժողովում։ 1960–1980 թվականների ընթացքում Հայաստանի, Մոսկվայի և միութենական տարբեր հանրապետությունների գրական մամուլում տպագրված հոդվածները նրան միութենական ճանաչում են բերել։ Իր գրական գործունեության համար արժանացել է բազմաթիվ մրցանակների։

Հեղինակ է բազում թարգմանությունների ֆրանսերենից և ռուսերենից, որոնց թվում են Մոլիերի, Լարոշֆուկոյի, Շոդերլո դը Լակլոյի, Ապոլիների, Պրևերի, Կոկտոյի, Ժիրոդուի, Անույի, Ռընարի, Սագանի, Դենի դը Ռուժմոնի և այլոց գործերը։ Հրատարակել է 500-ից ավելի գրականագիտական հոդված մամուլում՝ նվիրված արդի գրականության հարցերին։ Ալեքսանդր Թոփչյանի խմբագրական և հրատարակչական գործունեության շնորհիվ լույս են տեսել Ռուբեն Սևակի, Վազգեն Շուշանյանի, Հրաչ Զարդարյանի, Հարութ Կոստանդյանի, Նիկողոս Սարաֆյանի և այլ հայ գրողների ստեղծագործությունները, ինչպես նաև հայ գրողների ժողովածուներ և անթոլոգիաներ այլ լեզուներով։

Ալեքսանդր Թոփչյանը հեղինակ է նաև մի շարք գեղարվեստական երկերի, որոնք լույս են տեսել հայերեն և օտար լեզուներով։ Դրանց թվում են «Կիրկե կղզին» (Երևան, 1996), «Եվ անգամ մահից հետո» (Ռուբեն Սևակի մասին, Երևան, 2005) և «Բանկ Օտոման» (Երևան, 2008, ռուսերեն՝ Մոսկվա, 2012 թ., և ֆրանսերեն՝ Փարիզ, 2012 թ․) վեպերը։

Դիտվել է 16290անգամ
Վերջին լուրեր