15 / Սեպտեմբեր / 2021 : 13-01

Լին Թրեյսին «չափազանց կարևոր» համարեց Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցող իրադարձությունները

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին անդրադարձել է Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվող ապօրինի գործողություններին։

«Չափազանց կարևոր է այն, ինչ տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհին։ Սա այն է, ինչի մասին մենք բազմիցս նշել ենք նոյեմբերին կայացած՝ կրակի դադարեցման մասին համաձայնագրից հետո»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Թրեյսին։

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացրել էին, որ նույն օրը, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բնակավայրերից մեկի մոտակայքում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում էր իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

Ադրբեջանի ԶՈւ-ն օգոստոսի վերջին, 3 օր շարունակ փակել էր Գորիս-Կապան ճանապարհահատվածը, ինչի հետևանքով լուրջ խնդիրներ էին առաջացել տեղի բնակիչների համար։ Ճանապարհը բացելուց հետո, այնուամենայնիվ ադրբեջանական ուղեկալների մոտ բետոնե արգելապատնեշներ տեղադրվեցին իբր երթևեկության անվտանգության համար։
Դիտվել է 5352անգամ
Վերջին լուրեր