10 / Հոկտեմբեր / 2021 : 10-41
Էրեբունի-Երեւան. 2803 տարեկան երիտասարդ մայրաքաղաքը (մաս երրորդ)

Հեղինակ՝ Մարիա Մարկոսյան


2803 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ԶԱՐԿՈՒՄ Է ՆՐԱ «ՍԻՐՏԸ»...
2803 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՔԱՂԱՔԸ...

Ուրարտու՝ Էրեբունի-Երեւան.
Ա. Ուրարտու (Արատտա,Արարատ)
Հայտնի է, որ Երեւանի տարածքը բնակեցված է եղել ավելի վաղ քան հիմնադրվել է Ուրարտական «Էրեբունի» ամրոցը:

Դեռեւս Ք.ա 4-3 հազարամյակներից սկսած, Հայկական լեռնաշխարհում բնակվել են բազում ցեղեր, որոնք, համաձայն շումերական եւ աքադական սեպագիր (սեպաձեւ) արձանագրությունների, հիշատակվել են տարբեր անուններով՝ Սուբարտու, Արմանի, Արատտա (Ք.ա. IV-III հազարամյակներ): Ավելի ուշ շրջանում խեթական, խուրրիական, բաբելական, ասուրական, արարատ-ուրարտական նաեւ եգիպտական գրավոր աղբյուրները խոսում են Նաիրի, Միտանի, Հայասա, Շուպրիա, Արարատ-Ուրարտու (Արատտայի թագավորություն է եղել Ք.ա. 23-րդ դարում, որի մասին տեղեկություններ ենք ստացել վերջին տասնամյակում՝ հնագետների կողմից սեպագիր արձանագրությունների վերծանման արդյունքում) եւ այլ անուններով հայկական կազմավորումների մասին (Ք.ա. III-II հազարամյակներ), որոնք ստեղծվել են Հայկական լեռնաշխարհում եւ շրջակա տարածքներում՝ տարբեր ժամանակաշրջանում ունենալով տարբեր սահմաններ։

Ըստ մարդաբանական ուսումնասիրությունների, այդ ժամանակաշրջաններից ի վեր Հայկական լեռնաշխարհում բնակվող ցեղերը պատկանել են «արմենոիդ» տեսակին։ Ներկայումս հայ ժողովուրդն է այդ բնորոշ մարդատեսակի կրողը:
Իրականություն է, որ հայերը, որպես ժողովուրդ կազմավորման բարդ եւ երկարատեւ ընթացք են ունեցել, որն ավարտվել է Արարատյան (Ուրարտու) պետության ժամանակաշրջանում՝ Հայասա, Արմենիա, Նաիրի (գետերի երկիր), Էթիունի, Ուրուատրի եւ այլ ցեղային միություններից (Ք.ա. 9-6-րդ դ.դ.):

«Արարատ»-«Այրարատ» անվան ստուգաբանությամբ զբաղվել են մի շարք բանասերներ եւ պատմաբաններ։ Ամենից հավանականը համարվում է այն կարծիքը, որը «Այրարատ» անունը կապվում է «Ուրարտու»-ի անվան հետ։ Ըստ մեկնաբանների «Ուրարտու»-ն բաղկացած է «Ուր», «Ար» եւ «Տու» արմատներից: «Ուր»-ը հայերենում՝ «տեղ» իմաստն ունի, «Ար»-ը՝ արեւ-արարիչ իմաստները եւ «Տու»-ն՝ «տալ» բայի արմատն է, ինչպես օրինակ «լուսատու»: Հետեւաբար, իմի բերելով «Ուր»-ի «Ար»-ի եւ «Տու»-ի բովանդակությունները, ստանում ենք «լույս-արեւ տվող տեղ-բնակավայր», «Արարողների բնակավայր»: Այդ լույսը «Արարչական» է, Աստվածային է, ուստի «Ուրարտու»-ն՝ Արարատը, Աստվածային իմացական լույսը սփռող-տարածող կենտրոն է եղել:


Նկարի հեղինակ՝ Ռաֆայել Ներսիսյան

Արարատ-Ուրարտական՝ այդ միասնական եւ կայուն պետականության ներքո Հայկական լեռնաշխարհի ցեղերը Արգիշտի 1-ի օրոք հասել են տարածքա-քաղաքական միասնության։ Արդեն Ք. ա. 7-6-րդ դ.դ. սկզբնաղբյուրներում Հայկական լեռնաշխարհը ներկայացվել է որպես հայերով բնակեցված միատարր երկիր (Հին կտակարան, աքեմենյան արձանագրություններ, հին հունական հեղինակների երկեր)։ Ուրարտական թագավորության անկումից հետո, Հայոց արքա Արգիշտի Առաջինի կառավարման տարիներից, Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանվել են ավելի քան 30 սեպագիր արձանագրություններ (Խոռխոռյան տարեգրություն): Դրանց վերծանումով տեղեկացել ենք, թե գահակալման սկըզբում Արգիշտի Ա-ն ինչ ջանքեր է գործադրել Հայկական լեռնաշխարհի ցեղերին Ուրարտու-Արարատ պետության մեջ միավորելու համար: Վճռական հարված հասցնելով Ասորեստանին՝ տիրել է առեւտրական մայրուղիներին:

Ասորեստանը իր առաջնակարգ դիրքը Առաջավոր Ասիայում հարկադրաբար զիջել է Ուրարտու-Արարատ պետությանը, որը հասել է հզորության բարձրակետին: Ուրարտացիները-Արարատցիները (Արարատեան դաշտավայր) արտադրել եւ արտահանել են գինի, ցորեն, իրեր խեցիից (կերամիկա), քարից եւ մետաղից, կառուցել են ամրոցներ, վանքեր, պալատներ:

Ուրարտական թագավորությանը (Ք.ա. 860–590թթ.) հաջորդել է Երվանդունիների թագավորությունը (Ք.ա. 553-331թթ.): Այնուհետեւ, Արտաշեսյաններ (Ք.ա. 189-1թթ.), Արշակունիներ (54-428թթ.), Բագրատունյաց Հայաստան (884-1045թթ.), Ռուբինյաց Կիլիկիա (1080-1375թթ.), Առաջին Հանրապետություն (1918-1920թթ.), Հայաստանի Հանրապետություն (1991թ.), Արցախի Հանրապետություն (1994թ.):
Author's cover photo
Ամսաթիվ 10 / Հոկտեմբեր / 2021 : 10-41
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 58090անգամ
Վերջին լուրեր