01 / Նոյեմբեր / 2021 : 15-44

2020-ի «ՀԱՅԿՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օգոստոսի 7-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ հայաստանյան ամենասպաված իրադարձություններից մեկը՝ «Հայկյան» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը 2021 թվականին տոնում է իր հոբելյանական՝ 20-րդ տարեդարձը։ Ավանդույթի համաձայն «Հայկյան» մրցանակ շնորհվել է գիտության , կրթության, բիզնեսի և մշակույթի ոլորտում համաշխարհային մեծ ձեռքբերումներ ունեցող, միջազգային հաջողակ համագործակցություն հաստատած և անվանի հայ երիտասարդներին, ինչպես նաև պետական կառավարման մարմիններում ազդեցիկ դիրք ունեցող այն գործիչներին, ովքեր ավելի բարենպաստ միջավայր են ստեղծել երիտասարդների զարգացման և առաջխաղացման համար։
«Այսպիսին է եղել «Հայկյան» մրցանակաբաշխությունը, որն ամենասիրված և ամենասպասված իրադարձությունն է մայրքաղաքում։ Սակայն այս տարի որոշեցինք փոփոխություններ անել, որպեսզի ավելի արժևորենք մեր հայրենակիցներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Արցախյան 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր ազգն ունի այնպիսի որդիներ, այնպիսի նվիրյալ հայեր, որ ինչքան էլ մրցանակ պարգևես, միևնույնն է՝ քիչ կլինի։ Այս մարդիկպատերազմի օրերին շատ մեծ ծրագրեր են իրականացրել աշխարհով մեկ՝ մեր հայրենիքին օգնելու համար։ Այս տարվա «Հայկյան» մրցանակաբաշխությունը առանձնահատուկ էր հենց դրանով՝ որոշեցինք մրցանակներ պարգևել բացառապես այն մարդկանց, ովքեր մեծ ներդրում ունեցան պատերազմի ընթացքում ինչպես մարդասիրական օգնության կազմակերպման, այնպես էլ պատերազմը լուսաբանելու և աշխարհին այդ մասին պատմելու գործում»,-մեզ հետ զրույցում նշեց մրցանակաբաշպության հիմնադիր խորհրդի անդամ Լուսինե Փիրոյանը։ 44-օրյա պատերազմի ընթացքում հայ ժողովրդին ցուցաբերած մարդասիրական օգնության, Հայաստանաին և Արցախին անձնվեր աջակցելու և Հայկական Սփյուռքի համախմբման գործում մեծ ավանդ ունենալու համար, ինչպես նաև պատերազմի լուսաբանման հարցերը համակարգելու և միջազգային նախաձեռնություններ իրականացնելու համար այս տարի «Հայկյան» մրցանակին արժանացան աշխարահռչակ հայ բարերարներ, գործարարներ և հանրությանը հայտնի ազդեցիկ գործիչներ տարբեր ոլորտներից։ Մրցանակակիրների թվում է հայազգի գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, FUTURE ARMENIAN համահայկական նախաձեռության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, աշխարհում շուրջ 300 մասնաճյուղեր ունեցող FARELL ֆրանսիական ընկերության հիմնադիր, ֆրանսահայ ձեռնարկատեր Գոռ Հարոյանը, COMEDY CLUB PRODUCTION-ի հիմնադիր, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգի» ժամանցային հեռուստաալիքների խմբի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը, Լոս Անջելեսում Հորիզոն Հայկական հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր, հաղորդավար Վրույր Թադևոսյանը և ուրիշներ։ Ինչպես վստահեցնում են հիմնադիր խմբի անդամները՝ «Հայկյան» մրցանակը ոլորտի ամենաազդեցիկ նախաձեռնություններից է, որին ամեն տարի արժանանում են իրենց ոլորտում առաջատար դիրք ունեցող ազդեցիկ գործիչները։ Այդ մարդիկ կարողացել են մեծ ներդրում ունենալ իրենց ոլորտի զարգացման գործում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ «Աշխարհում ճանաչում ունեցող և մասնագիտական բացառիկ կարողությունների տեր մեր հայրենակիցների աշխատանքին հետևում ենք ամբողջ տարվա ընթացքում։ Թե ովքեր պետք է մրցանակ ստանան՝ որոշում է խորհուրդը՝ հիմնված հատուկ չափորոշիչների վրա։ Խորհրդի կազմում էլ աշխարհի տարբեր երկրներում ապրող ազդեցիկ հայ գործիչներ են, հետևաբար՝ ամեն ինչ շատ պարզ է և օբյեկտիվ։ Այստեղ ամենակարևորը մարդասիրությունը, աշխարհում համամարդկային մեծ փոփոխություններ բերելն ու երիտասարդների առաջխաղացումը խրախուսելն է, ոգևորելը, և իհարկե՝ գնահատելը»,-նշում է Լուսինե Փիրոյանը։

Հեղինակ՝ Ա.Զ.
Դիտվել է 3026անգամ
Վերջին լուրեր