04 / Նոյեմբեր / 2021 : 17-17

COVID-19-ի կանխարգելման նպատակով նախատեսվում են նոր սահմանափակումներ

Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունում քննարկվում է լրացուցիչ հակահամաճարակային կանոններ սահմանելու հարցը՝ պայմանավորված ինչպես Եվրոպական տարածաշրջանի երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության լարված համաճարակային իրավիճակով։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հայաստանի Հանրապետությունում գրանցվում է COVID-19-ի դեպքերի անընդմեջ աճ, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մահվան դեպքերի աճ, ինչը կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներում բնակչության ցածր ընդգրկվածության հետևանք է:

Ուսումնասիրելով միջազգային փորձը և հաշվի առնելով առանձին կազմակերպությունների և քաղաքացիների առաջարկությունները՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ, քննարկվում է աշխատողների՝ աշխատավայր ներկայանալիս կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի ներկայացման պարբերականությունը ներկայիս 14 օրվա փոխարեն 7 օր սահմանելու հարցը։

Քննարկումների ավարտից հետո իրավական ակտերի նախագծերը կամփոփվեն և կներկայացվեն նաև շահագրգիր կողմերին՝ կարծիքներ և առաջարկություններ ստանալու համար:

Դիտվել է 26121անգամ
Վերջին լուրեր