05 / Նոյեմբեր / 2021 : 14-45

2022թ. ԽՍՀՄ բանկերի ավանդատուների փոխհատուցման համար կհատկացվի 1 մլրդ 515 մլն դրամ․ նախարար

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դիտարկում է Ղարաբաղում ապրող հայրենակիցների ներգրավման հնարավորությունը ԽՍՀՄ Խնայբանկում ավանդներ ունեցող քաղաքացիների փոխհատուցման ծրագրում։ Այս մասին նոյեմբերի 5-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Պետության փաստացի ծախսերն այս ուղղությամբ 2020թ. կազմել են 1 մլրդ 211 մլն 864 հազար դրամ։ Ծառայություններից օգտվել է 5 878 քաղաքացի։

«2021թ. պետբյուջեի նախագծում այդ նպատակների համար հատկացվել է 1 մլրդ 212 մլն դրամ։ Փոխհատուցում ստացել է 8125 շահառու»,- տեղեկացրեց նախարարը։

2022թ. նախատեսված է հատկացնել 1 մլրդ 515 մլն դրամ, որի շրջանակում փոխհատուցում կտրամադրվի մոտ 7900 շահառուի։

Բացի այդ, մինչեւ 1939թ. դեկտեմբերի 31-ը ծնված ավանդատուները ներառյալ 2022 թվականից նույնպես պետության կողմից կստանան կորած ավանդների փոխհատուցման իրավունք։ Մինչ այժմ այդ իրավունքը տրամադրվում էր միայն մինչեւ 1938թ. դեկտեմբերի 31-ը ծնված քաղաքացիներին։
Դիտվել է 39449անգամ
Վերջին լուրեր