11 / Նոյեմբեր / 2021 : 12-10

Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում ենք ստացել. Փաշինյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի անցակետի մասին

«Օգոստոսից Ադրբեջանն իրանական բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն է իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհի իր տարածքով անցնող Էյվազլի-Չայզամի հատվածում»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի 11-ի կեսգիշերից սկսած պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ծանուցումը ստանալուց հետո որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը։ Այս ավտոճանապարհի Տաթև-Աղվանի հատվածը, որը մի քանի տասնյակ տարի անանցանելի է եղել, ասֆալտապատվել, շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։


Վերջինս նշեց, որ նախորդ շաբաթ այդ ճանապարհով գնացել է Կապան և վստահեցնում է, որ ճանապարհը որակյալ է և որոշակի լավարկումների կարիք ունի՝ կցորդիչով բեռնատարների անցումն ավելի լավ ապահովելու համար։

Վարչապետի խոսքով Կապան մեկնելիս և վերադառնալիս այդ ճանապարհին տեսել է մի քանի տասնյակ կցորդիչով բեռնատարներ, այդ թվում ԻԻՀ-ի բեռնատարներ։

«Երեկ մինչև կեսգիշեր և դրանից հետո Կապան-Տաթև հատվածով անցել է շուրջ 100 կցորդիչով բեռնատար»,-ասաց վարչապետը։

Վերջինս փորձեց համոզել, որ նոր երթուղով Երևանից Կապան և հակառակ ուղղությամբ երթևեկության ժամկետը չի ավելանում, հակառակը՝ կրճատվում է։


«Երասխ-Գորիս հատվածում այս պահին էլ տեղի են ունենում աննախադեպ ծավալի ճանապարհաշինարարական աշխատանքներ, և ճանապարհի որակն էականորեն փոխվում է»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ավելի մանրամասն տեսանյութում։

Դիտվել է 19299անգամ
Վերջին լուրեր