04 / Դեկտեմբեր / 2021 : 10-23

Վերջին 3 ամիսներին ադրբեջանական սադրանքների արդյունքում, Արցախում 3 քաղաքացիական անձ է սպանվել․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արցախի Ճարտար քաղաքի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողների նոր սադրանքը գալիս է լրացնելու հոկտեմբերին Մարտակերտի ուղղությամբ, իսկ նոյեմբերին Շուշիի հարակից հատվածում՝ գլխավոր մայրուղու ուղղությամբ, ադրբեջանցիների իրականացրած հանցագործությունները։

Ստացվում է, որ վերջին 3 ամիսներին ադրբեջանական սադրանքների արդյունքում, Արցախում 3 քաղաքացիական անձ է սպանվել՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ, Ջրմուղի մասնագետ և անասնապահ։

Անկախ մահվան ելքով այս միջադեպերի հանգամանքներից, դեպքի վայրերից ադրբեջանցիների դրդապատճառը մեկն է՝ սպանել հային, խաթարել արցախցիների այդպես էլ չհաստատված խաղաղությունը և հիշեցնել թուրքի ատելության և իրական նպատակների մասին։

Որքան էլ ցավալի լինի արձանագրումը, այս միջադեպերը հնարավոր էր կանխել, եթե Արցախում և հատկապես Հայաստանում որոշումներ կայացնողները հստակ գիտակցեին մեր առաջնահերթությունները, ժամանակին ֆիքսեին սպառնալիքները և դրանից բխող կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեին։

Իշխանությունը նպատակային ձևով մեր հանրությանը շարունակում է պահել զոհի կարգավիճակում՝ անընդհատ համոզելու և հիմնավորելու իր զիջողականությունն ու պարտությունների շարքը»։
Դիտվել է 5853անգամ
Վերջին լուրեր