14 / Դեկտեմբեր / 2021 : 14-15
«Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, ապա կգտնվի և ընկեր»։
Աբրահամ Լինքոլն
Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, ապա կգտնվի և ընկեր:
Սա սովորեցնելու համար երկար ժամանակ կպահանջվի, ես գիտեմ, բայց եթե կարող եք, նրան սովորեցրեք, որ վաստակած մեկ դոլարն ավելի արժեքավոր է, քան գտած հինգ դոլարը:
Սովորեցրեք նրան խաղալ, ինչպես նաև՝ վայելել հաղթանակները: Եթե կարող եք՝ նրան հեռու պահեք նախանձից, սովորեցրեք մեղմ ծիծաղելու գաղտնիքը: Թույլ տվեք, որպեսզի նա շուտ հասկանա, որ բռնավորներին հաճոյանալը ամենահեշտ բանն է:
Եթե կարող եք՝ սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով…Եվ տվեք նրան նաև ազատ ժամանակ, որպեսզի նա կարողանա խորհել հավերժական գաղտնիքների՝ երկնքում ճախրող թռչունների, արևի շողերի մեջ երևացող մեղուների և բլուրի կանաչ ստորոտի ծաղիկների մասին:
Երբ նա դպրոցում լինի, նրան նաև սովորեցրեք, որ շատ ավելի պատվաբեր է համբերատար տանել անհաջողությունը, քան խաբել…Սովորեցրեք նրան վստահել սեփական գաղափարներին, եթե անգամ կողքիններն ասեն, որ սխալվում է…
Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և լինել դաժան՝ դաժանների հետ: Փորձեք իմ տղային ուժ փոխանցել, որպեսզի նա չտրվի և չհետևի հաղթողի կողմն անցած ամբոխին…
Սովորեցրեք նրան, որպեսզի լսի բոլոր մարդկանց, միայն թե սովորեցրեք նաև, որ իր լսածը ճշմարտության տեսանկյունից դիտարկի և վերցնի միայն լավը:
Եթե կարող եք՝ սովորեցրեք ժպտալ տխրության պահերին: Սովորեցրեք նրան, որ արտասվելը ամոթ չէ: Նրան ցինիկներին ծաղրել սովորեցրեք, ինչպես նաև՝ խույս տալ մարդահաճությունից:
Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով, բայց երբեք վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ՝ հոգին:
Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, բայց նաև սովորեցրեք կանգնել ու պայքարել, եթե կարծում է, որ ինքը ճիշտ է:
Նրա հանդեպ մեղմ վարվեք, բայց առանց ավելորդ քնքշության, որովհետև միայն կրակի միջով անցնելու փորձությունից հետո են բացահայտվում պողպատի լավագույն հատկանիշները:
Թույլ տվեք, որպեսզի նա քաջ լինի, որպեսզի դառնա անհանդուրժող (վատ բաների հանդեպ): Թույլ տվեք, որ նա համբերատար լինի, որպեսզի դառնա խիզախ:
Սովորեցրեք, որ նա միշտ ինքն իրեն հավատա, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ:
Այս ամենը հեշտ չէ, բայց տեսեք՝ ինչ կարող եք անել…Նա այնպիսի սիրուն տղա է, իմ որդին…
ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆ
Աբրահամ Լինքոլնի նամակն իր որդու ուսուցչին