Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Դեկտեմբեր / 2021 : 18-04

Ամերիաբանկը 20 մլն դոլարի նոր վարկային պայմանագրեր է կնքել «responsAbility» ընկերության և GCPF հիմնադրամի հետ

Ամերիաբանկը 20 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային պայմանագրեր է կնքել «responsAbility» ընկերության և «Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի» հետ (GCPF)` Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների և «կանաչ» նախագծերի ֆինանսավորման նպատակով:


«Որպես պատասխանատու ֆինանսական հաստատություն` մենք մշտապես աշխատում ենք ավելի մեծ ներդրում ունենալ շրջակա միջավայրի պաշտպանության գործում և ուրախ ենք այդ ճանապարհին համագործակցել մեր բազմամյա գործընկերներ responsAbility ընկերության և GCP հիմնադրամի հետ: Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը և հատկապես «կանաչ» ծրագրերի իրականացումը մեզ համար առաջնահերթ կարևորություն ունեն: Ստացված նոր վարկային միջոցները թույլ կտան ընդլայնել Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ծավալները և միևնույն ժամանակ նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը», - նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:


««responsAbility» ընկերությունն ուրախ է Ամերիաբանկին տրամադրել երկարաժամկետ առաջնային վարկեր` GCPF-ի հետ համատեղ: Ամերիաբանկը մեր երկարամյա և խոշորագույն գործընկերներից մեկն է ողջ աշխարհում: Հուսանք` նշված ֆինանսավորումը թույլ կտա առավել մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ՓՄՁ ոլորտին և «կանաչ» նախագծերին` այդպիսով նպաստելով 2020թ. կրկնակի ցնցումներից հետո Հայաստանի տնտեսության վերականգնմանը», - նշել է ընկերության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և կովկասյան տարածաշրջանի գծով ավագ ներդրումային մասնագետ Յունես Բոազիսը:
Դիտվել է 4305անգամ
Վերջին լուրեր