Սնկով լցոնած հավ․ շատ համեղ է
Սնկով լցոնած հավը շատ համեղ է ստացվում։ Կարող եք պատրաստել նաև տոնական օրերին։ Ամենակարևորը պատրաստում եք սիրով․
Անհրաժեշտ բաղադրիչներ
հավ – 1 հատ, (մոտ 1.2կգ),
թարմ շամպինիոն – 400 գ,
կարմիր կամ դեղին պղպեղ – 1 հատ,
սոխ -1 հատ,
կանաչի, աղ, պղպեղ
Լիմոն
Ինչպես մշակել հավը և պատրաստել ուտեստը,
Հավը լվանալ, փորոտիքը հեռացնել, լվանալ, դնել տակտակին կրծքի կողմով դեպի ներքև:
Խորը կտրվածք անել վզից սկսած, զգուշությամբ միսը ոսկրերից առանձնացնել, աստիճանաբար հանել բոլոր ոսկորները:
Հեռացնել նաև բդիկների և թևերի ոսկորները:
Աղ, պղպեղ անել մսին, մատներով տրորել, մի քանի րոպե թողնել:
Միջուկի համար սունկը բարակ կտրատել, սոխը օղակների բաժանել: Տապակել տաք թավայի մեջ 2-3 ճաշի գդալ բուսայուղով: Աղ, պղպեղ անել:
Պղպեղները կիսել, սերմատուփը հեռացնել, 1-2 րոպե գցել եռացած ջրի մեջ, հանել և հեռացնել կեղևը:
Հավի մեջ տեղադրել նախ պղպեղները, ապա սունկը:
Սնկով լցոնել նաև թևիկներն ու բդիկները: Հավի փորը կարել: Կարելի է կարել սովորական թելով: Հավի վրա մայոնեզ կամ բուսայուղ քսել, եփել 200-210 աստիճան ջեռոցում 40 րոպե, պարբերաբար վրան լցնել առաջացած հյութը:
Հավը գեղեցիկ կեղև կունենա:
Թելը հեռացնել, կտրատել և մատուցել:
Զարդարեք բարակ կտրած լիմոնի մի քանի շերտերով և թարմ կանաչիով։