13 / Հունվար / 2022 : 16-26

2-3 օրում շատ կտրուկ մտանք նարնջագույն գոտի. Ռոմելլա Աբովյան` կորոնավիրուսային վարակի դեպքերի աճ մասին

Վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսային վարակի դեպքերի աճ, ընդ որում՝ կտրուկ: Առաջին անգամ է, որ արձանագրվում է վարակի վերարտադրողական բավական բարձր ցուցանիշ, ինչը վկայում է վարակի տարածման տեմպերի մասին. այն արդեն 2.3 է կազմում: Ունենք նաև հիվանդացության բարձրացում բոլոր մանկապատանեկան տարիքային խմբերում, այսինքն՝ իրավիճակն արդեն գնում է դեպի լարված լինելուն: Եթե մի քանի օր առաջ Հայաստանը, ըստ ԵՄ չափանիշների, գտնվում էր կանաչ գոտում, ապա այս երկու-երեք օրերի ընթացքում մենք շատ կտրուկ մտանք նարնջագույն գոտի: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Ռոմելլա Աբովյանն անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված վերջին սահմանափակումներին:

Նրա խոսքով՝ դրանց բովանդակությունը հետևյալն է՝ ժամանցի, հանրային վայրեր անձինք կարող են մուտք գործել միայն ՊՇՌ և արագ թեստով լաբորատոր հետազոտության բացասակայն արդյունք ունենալու կամ երկու դեղաչափով պատվաստման սերտիֆիկատ ունենալու պայմանով: Աբովյանը նշեց, որ կարգավորումները մշակվել և գործադրվել են՝ ուսումնասիրելով միջազգային փորձը:

«Հուսով ենք, որ կարգավորումը կունենա իր դրական ազդեցությունը, և վերջապես կհասնենք այն իրավիճակին, որ կարողանանք կառավարել այս հիվանդությունը: Նախորդ կարգավորման շրջանակներում բավականին ակտիվացավ պատվաստումային գործընթացը. մենք ունեցել ենք օրական 20 հազարից ավելի պատվաստվողներ: Համաճարակաբանական տեսանկյունից պետք է ասեմ, որ բավականին արդյունավետ կարգավորում է այն առումով, որ այդ կարգավորման շրջանակներում հայտնաբերվեց դրական ՊՇՌ թեստ ունեցող շուրջ 1000 անձ, որոնք չունեին ախտանշաններ: Նրանք հնարավորություն ունեցան դիմելու բժշկի և գտնվելու նրա հսկողության տակ, և համաճարակաբանական առումով շրջանառվող դելտա շտամի պայմաններում, կարող ենք ասել, որ յուրաքանչյուր մեկ անձը կարող էր վարակել 7 անձի: Այսպիսով, մենք կանխել ենք շուրջ 7000 նոր դեպքի արձանագրում, այսինքն՝ կոտրել ենք վարակի շղթան»,- նշեց Աբովյանը:

ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետը, սակայն, պատվաստումների տեմպը բավարար չի համարում, կարծում է՝ պետք է ակտիվացնել, բնակչությունը պետք է ավելացնի զգոնությունը նոր շտամի պատճառով:

«Մենք կարող ենք խոսել ենք այն մասին, որ ՀՀ-ում կշրջանառվի «Օմիկրոն» շտամը. նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ ունենք երկու բերովի դեպք: «Օմիկրոնը», ի տարբերություն դելտա շտամի, ունի ավելի բարձր վարակելիություն, և այն երկրները, որոտեղ շրջանառվում է «Օմիկրոն» շտամը, բարձրաձայնում են, որ օրական դեպքերի թիվը կտրուկ աճել է՝ ի տարբերություն նախորդ ալիքների: Կհորդորեմ մեր բնակչությանը՝ ով պատվաստված չէ՝ պատվաստվեն, և նրանց, ովքեր ունեն պատվաստումային կարգավիճակ, ասեմ, որ ԱՀԿ-ն «Օմիկրոնի» դեմ պայքարում շատ արդյունավետ է համարում երրորդ՝ բուստեր պատվաստում իրականացնելը»,- ասաց նա:
Դիտվել է 11643անգամ
Վերջին լուրեր