Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Հունվար / 2022 : 16-10

Թուրք պրոֆեսոր. «Բացեք Թուրքիա-Հայաստան սահմանը և անցակետը կոչեք Դինքի անունով»

Թուրքական «DurDe» («Ո՛չ ասա ռասիզմին և ազգայնամոլությանը») հասարակական կազմակերպությունը հոդվածի տեսքով հրապարակել է թուրք պատմաբան, պրոֆեսոր Թաներ Աքչամի՝ հունվարի 15-ին Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցի կապակցությամբ ունեցած ելույթը։

Թուրք պրոֆեսորը Դինքին անվանել է Թուրքիայի Մարթին Լյութեր Քինգ։

Մարթին Լյութեր Քինգ - ամերիկացի հոգևորական, ակտիվիստ, որը հայտնի է քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար մղած իր պայքարով։ Ստացել է խաղաղության Նոբելյան մրցանակ ռասայական խտրականության դեմ ոչ բռնի դիմադրություն ցույց տալու համար։

Ermenihaber.am-ը ստորև ներկայացնում է Թաներ Աքչամի ելույթից հատվածներ.


«Հրանտ Դինքը, ինչպես Մարթին Լյութեր Քինգը, սպանվեց, քանի որ ուներ փիլիսոփայություն, որը կասկածի տակ էր դնում հանրապետության հիմնադրումը (Թուրքիայի-խմբ.)։ Նա սպանվեց, քանի որ քաղաքացիական հավասար իրավունքներ էր պահանջում։

Քանի դեռ Դինքին չեն հռչակել հանրապետության հիմնադիր, այս երկրում ժողովրդավարությունը և մարդու իրավունքների հարգանքը չեն տիրի և այս հանրապետությունը չի կարող պսակվել ժողովրդավարությամբ։

Այս հանրապետությունը հիմնվել է՝ մարգինալացնելով հայերին, հույներին, ասորիներին և հրեաներին։

Դինքը սպանվեց, քանի որ ասաց. «Ես հայ եմ. ինձ այսպես եք ընդունելու»։ Սպանվեց, քանի որ ասաց, որ հնարավոր է և՛ հայ լինել, և՛ հավասար իրավունքներով քաղաքացի։

Իմ պնդումը հետևյալն է. Հրանտ Դինքը հոգեբանական գերակայություն է։ Նա գուցե շատ դանդաղ, բայց ներթափանցում է այս հասարակության մազանոթների մեջ։ Դիքին իմանալ և հասկանալ ցանկացողների թիվն աճում է, քանի որ Դինքը ներկայացնում է մի նոր բան, որը մենք կարոտում ենք։

Վերջին խոսքս հետևյալն է. խնդրում եմ բացե՛ք Թուրքիա-Հայաստան սահմանը և սահմանային անցակետն անվանե՛ք «Հրանտ Դինքի անցակետ»։ Սա մեծ քայլ կլինի հանրապետության հիմնադրման ընթացքում թողնված սխալների վերացման ուղղությամբ»։
Դիտվել է 6493անգամ
Վերջին լուրեր