03 / Փետրվար / 2022 : 12-34

Կառավարությունը փորձում է միջոցներ ձեռնարկել գնաճը զսպելու համար. Փաշինյան

Հայաստանը 2021 թվականի ընթացքում ունեցել է էական գնաճ, որը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ ավել է 7.7 տոկոսով: Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա ավելին է, քան նախատեսել ենք պետական բյուջեով: Դուք գիտեք, որ գնաճը գլոբալ խնդիր է, և պետք է արձանագրենք, որ Հայաստանում առանձին վերցրած գործընթաց տեղի չի ունենում: Փորձում ենք միջոցներ ձեռնարկել գնաճը զսպելու համար: Հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի գնաճը բերել պլանավորված միջակայքի շրջանակներ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև հույս ունի, որ կկարողանան արձանագրել 7 տոկոս տնտեսական աճ:

«Հույս ունենք, որ արդեն բարեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կունենանք: 2021 թվականի նախնական արդյունքներով 5.8 տոկոս տնտեսական աճ է արձանագրվում, որը ավելին է, քան պլանավորվում էր 2021 թվականի համար, բայց, իհարկե, պակաս է մեր ցանկություններից: Մեզնից շատ լուրջ ջանքեր են պահանջվում, որպեսզի կարողանանք մեր սահմանած նշաձողերին հասնել»,- եզրափակեց Փաշինյանը:
Դիտվել է 4322անգամ
Վերջին լուրեր