Հայաստանում կորոնավիրուսի պատճառով կունենանք 40 հազար գործազուրկ․ Փոխնախարար
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանում ծագած ճգնաժամը շատ ծանր հարված կհասցնի աշխատաշուկային: Ճգնաժամը շատ ուժգին կհարվածի ծառայությունների, հանրային սննդի ոլորտներին և մի փոքր էլ` շինարարությանը:
Այս մասին այսօր մայիսի 4-ին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը:
Նրա խոսքով` կորոնավիրուսի պատճառով երկրում գործազրկության մակարդակը կաճի 1.3%-ով: Արդյունքում երկրում գործազրկությունը 17.7 տոկոսից մինչև 19 տոկոս կհասի:
«Եթե վերածենք թվերի, մոտավորապես կունենանք 40 հազար հավելյալ գործազուրկ։ Ոլորտները, որտեղ այս գործազրկությունը զգալի կլինի, առնչվում են սպասարկմանը, հանրայինն սննդի ծառայությանը, և մասամբ նաև շիրանարությանը։ Հասկանում ենք նաև, որ այն մեծ բանակը, որ գնում է սեզոնային աշխատանքների, նույնպես մի քանի ամսից կհամալրի մեր գործազուրկների շարքը։ Եվ այս առումով մարտավարական քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի տարբեր շահառու խմբերի համար ունենանք հասցեական ծրագրեր»,- նշեց Ա. Ուդումյանը։
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է զբաղվածության երկու ծրագիր, և ևս երկու ծրագրեր քննարկման փուլում են։ Առաջին ծրագիրը նոր աշխատատեղերի ստեղծմանը խթանելու ծրագիրն է, որով նախատեսվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր շահառուի համար չորս ամիս ժամկետով ամսական կտրվածքով գործատուին տրամադրել աջակցություն՝ շահառուի համար սահմանված ամսական աշխատավարձի 60%-ի չափով, բայց ոչ ավելի, քանի 85 հազար դրամը։
Ծրագիրը կգործի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այսինքն՝ այն մարդիկ, որոնք մարտի 16-ից հետո դարձել են գործազուրկ, և մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գտել աշխատանք, ապա նրանց աշխատանքային պայմանագիրը պետք է լինի առնվազն ութ ամիս տևողությամբ։ Մենք նախատեսում ենք 500 շահառուի համար իրականացնել այս ծրագիրը, սակայն նշված թիվը կարող է մեծանալ։ Ծրագրի պայմաններից է, որ շահառուն չպետք է աշխատանքի անցնի իր նախկին գործատուի մոտ»,- ասաց Ա. Ուդումյանը։
Զբաղվածության երկրորդ ծրագիրը վերաբերում է վարձատրվող հասարակական աշխատանքների ընդլայնմանը, և այդ ոլորտների ցանկում լրացվել է մեկ այլ՝ «անտառների վերականգնում և դրանց խնամքի իրականացում» կետը, ինչը գյուղաբնակների համար կարող է շահութաբեր լինել։