Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Մարտ / 2022 : 10-40

Բայդենը, Պուտինի հայտարարությունների ֆոնին, անդրադարձել է միջուկային պատերազմի հավանականությանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկացիները չպետք է անհանգստանան հնարավոր միջուկային պատերազմի համար՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռազմավարական ուժերը «հատուկ» պատրաստության վիճակի բերելու վերաբերյալ հայտարարությունների ֆոնին։

Ինչպես գրում է Reuters-ը, երկուշաբթի լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ամերիկացիները պետք է վախենան միջուկային պատերազմից։

«Ո՛չ»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։



Միաժամանակ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ն «դիտարկում և վերլուծում է» Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը։

Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ նրա հրամանի համաձայն՝ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի կառավարման կետերի, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերի, ինչպես նաև հեռահար ավիացիայի հրամանատարության հերթապահները սկսել են ուժեղացված անձնակազմով մարտական հերթապահություն իրականացնել:

Փետրվարի 27-ին Ռուսաստանի բանակը Պուտինի հրամանով բերվել է ծառայության հատուկ ռեժիմի: Պուտինի խոսքով՝ այդ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հասցեին Արևմուտքի ագրեսիվ հայտարարությունները:

«ՆԱՏՕ-ի առաջատար պետությունների բարձրագույն պաշտոնատար անձինք ագրեսիվ հայտարարություններ են հնչեցնում մեր երկրի հասցեին: Հրամայում եմ պաշտպանության նախարարին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ռուսաստանյան բանակի միջուկային (զսպիչ) ուժերում հայտարարել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ»,- ասել է Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 30172անգամ
Վերջին լուրեր