09 / Մարտ / 2022 : 16-19

Թբիլիսիում տրանսպորտը, ժամանցի կենտրոնները, թանգարանները, թատրոնները անվճար կլինեն Ուկրաինայի քաղաքացիների համար

Թբիլիսիի քաղաքապետարանը որոշել է Վրաստանում արգելափակված ու հայրենիք վերադառնալ չկարողացող Ուկրաինայի քաղաքացիների համար քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հասարակական տրանսպորտը և այլ հաստատություններն անվճար դարձնել։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է քաղաքապետ Կախա Կալաձեն՝ քաղաքային կառավարության նիստում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա մանրամասնել է, որ խոսքը հասարակական տրանսպորտի, մանկական ժամանցի կենտրոնների, թանգարանների, թատրոնների, լողավազանների և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այլ օբյեկտների մասին է։

«Այցելուները պետք է մուտքի մոտ ներկայացնեն ուկրաինական անձնագիր՝ ցանկացած ծառայություն անվճար ստանալու համար»,- ասել է Կալաձեն։

Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը որոշել էր ամբողջությամբ փոխհատուցել կացության և սննդի ծախսերը Ուկրաինայի այն քաղաքացիների համար, որոնք երկիր են ժամանել զբոսաշրջության նպատակով և չեն կարող հայրենիք վերադառնալ այնտեղ ռազմական գործողությունների պատճառով։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9838անգամ
Վերջին լուրեր