06 / Մայիս / 2020 : 00-36

... կամեցան սիրով կապվել միմյանց հետ ու երդվեցին քաղցրությամբ, բայց... 

Հինգ իմաստուն առակ. Մխիթար Գոշ

ՊԱՏՐԱՍՏԵՑ՝ ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

ՆՌՆԵՆԻՆ ԵՒ ԹԶԵՆԻՆ 

Նռնենին և թզենին կամեցան սիրով կապվել միմյանց հետ ու երդվեցին քաղցրությամբ, բայց նռնենու թթվության պատճառով ձանձրացավ թզենին, և նրանց դաշինքը խախտվեց։

 

ՆՇԵՆԻՆ ԵՒ ՇԱԳԱՆԱԿԵՆԻՆ 

Քաղցր նշենին, մոր կողմից եղբայր լինելով դառն նշենուն, նեղվեց նրա դառնությունից և շագանակենուն դարձրեց իրեն բարեկամ ու եղբայր, գտնելով, որ երկու որակով նա բարոյակից է իրեն։ Եվ շատերից մեղադրվելով, ասաց.
- Ով իմ հակումներն ունի, նա է իմ եղբայրը:
Ոչ ոք չկարողացավ հակաճառել։

 

ՁԿՆԵՐԸ ԵՒ ՆՐԱՆՑ ԹԱԳԱՎՈՐԸ 

Ձկները մեղադրվեցին իրենց թագավորից.
- Ինչո՞ւ եք ուտում ձեզնից մանր ձկներին։ Համարձակություն ստանալով ձկները պատասխանում են.
- Որովհետև քեզնից սովորեցինք, շատերը եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզ կերակուր դարձրիր։
Ըստ այդմ իրենք ևս ավելի հանդուգն եղան:

 

ԱՌՅՈՒԾԸ ԵՒ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ 

Առյուծը, կոտրելով ոտքը, տրտնջում էր բոլոր կենդանիների վրա.
- Իմ հպատակներն եք, քանի որ կենդանիների իշխանն եմ ես, բայց ինչո՞ւ այժմ ընծա չեք բերում, որ առողջանամ։
 Պատասխանում են. 
- Դու երբեք չպաշտպանեցիր մեզ ոչ արջից, ոչ գայլից և ոչ էլ ուրիշ գազանից։ 
Նույնիսկ դու ինքդ մեզ չխնայեցիր։ Մենք աստծուն պիտի ընծա մատուցենք, որ այդպիսի չարիքի մեջ ես ընկել։

 

ԾԻՏԸ ԵՒ ՋԱՅԼԱՄԸ 

Ծիտը տեսավ ջայլամին, որը մեծ-մեծ ձու էր ածում, և ուզեց պատճառն իմանալ։ Ջայլամը պատասխանեց. «Կրակ եմ կուլ տալիս այդ է պատճառը, որ մեծ-մեծ ձվեր եմ ածում ես»։

Ծիտը, հավատալով, կրակ կուլ տվեց և մեռավ, չմտածելով, որ մեծ-մեծ ձվեր ածելու պատճառը ջայլամի մեծությունն էր։

Author's cover photo
Ամսաթիվ 06 / Մայիս / 2020 : 00-36
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 42814անգամ
Վերջին լուրեր