27 / Մարտ / 2022 : 14-31

«Կոչ ենք անում Ռուսաստանին ապահովել հայկական զինված կազմավորումների դուրսբերումը Ադրբեջանի տարածքից». Ադրբեջանը պատասխանել է ՌԴ-ին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՌԴ ՊՆ-ի հայտարարությանը՝ կապված Արցախում ստեղծված իրադրության հետ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն «ցավում է Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ի 2022 թվականի մարտի 26-ի միակողմանի հայտարարության համար, որը չի համապատասխանում իրականությանը»։

«Մարտի 25-ին պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Ադրբեջանում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Զրույցի ընթացքում ադրբեջանական կողմը հայտարարել է, որ տեղամասերում դիրքերը ճշտվում են։ Սակայն մարտի 26-ի առավոտյան հայկական զինված խմբավորումները փորձել են դիվերսիա իրականացնել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների վրա։ Իրականացված միջոցառումների արդյունքում նրանք ստիպված են եղել նահանջել»,-ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, որ «Ադրբեջանը հավատարիմ է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը և չի խախտել դրա որևէ դրույթ»։


«Ցավոք, այդ հայտարարության 4-րդ կետի համաձայն՝ հայկական բանակի մնացորդների և ապօրինի հայկական զինված կազմավորումների ամբողջական դուրսբերում Ադրբեջանի տարածքից դեռ չի իրականացվել։ Ուստի հայտարարության դրույթները խախտում է Հայաստանը, այլ ոչ թե Ադրբեջանը»։

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ ՌԴ ՊՆ հայտարարությունը հակասում է երկկողմ հարաբերությունների էությանը և 2022 թվականի փետրվարի 22-ին երկու երկրների միջև ստորագրված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին։

«Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչատարածքային միավոր չկա։ Հայտարարության մեջ նշված գյուղը ոչ թե Փուրուխ է կոչվում, այլ Փարուխ։

Վերոնշյալի կապակցությամբ Ադրբեջանի ՊՆ-ն կոչ է անում Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ին ապահովել հայկական բանակի մնացորդների և հայկական անօրինական զինված կազմավորումների ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի՝ միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքներից»։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ադրբեջանի ՊՆ-ն խնդրում է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» տերմինը և ճիշտ նշել Ադրբեջանի տարածքների անվանումները։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ՊՆ-ն տարածած հաղորդագրության մեջ շեշտել է, որ մարտի 24-25-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է եռակողմ հայտարարության դրույթները:

«Մարտի 24-ից մարտի 25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի և ստեղծել դիտակետ։ «Բայրաքթար-ՏԲ 2» տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տարածքում գտնվող ստորաբաժանումներին։


Ներկայում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու եւ զորքերը իրենց նախնական դիրքերը վերադարձնելու համար։ Ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է ուղարկվել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտվել է 74788անգամ
Վերջին լուրեր