Բուսաբուժության ակունքները

Բժշկական տարբեր ուղղությունների զարգացման և բժշկական սարքավորումների գերհագեցվածության մեր դարաշրջանում դեռևս շարունակում է մրցակցության մեջ մնալ ավանդականը: Այժմ էլ արդիական են ավանդական բժշկության մի քանի տարատեսակները, որոնց թվում են՝ իրիդոդիագնոստիկան, մանուալ թերապիան, ասեղնաբուժությունը, բուսաբուժությունը /ֆիտոթերապիան / և այլն: Անդրադառնանք այս ոլորտներից մեկին՝ բուսաբուժությանը:
Բույսերը մարդկային պատմության ընթացքում տարբեր հիվանդությունների բուժման նպատակով կիրառվել են անհիշելի ժամանակներից: Բուսաբուժության` ֆիտոթերապիայի (հունարեն «phyton» (բույս) «therapeia» (թերապիա) բառերից) արմատները հասնում են մինչև շումերական քաղաքակրթություն:

(Լուսանկարում կուժկոտրուկն է)
Դարեր առաջ մեր նախնիները ճանաչում էին բույսերի մոտ 21.000 տեսակ և այդ բույսերն օգտագործում էին ո՛չ միայն կերակրի մեջ, այլև բժշկական նպատակներով: Ժամանակակից գիտությունը ճանաչում է արդեն ավելի քան 500.000 տեսակի բույսեր, դեղաբույսեր են մոտ 2100 տեսակը, որոնցից մոտ 1500-ն աճում է ՀՀ-ի տարածքում:
Դեղաբույսերի հնարավոր բուժիչ հատկությունները պայմանավորված են դրանց օրգաններում առկա տարբեր օրգանական նյութերով՝ ալկալոիդներ, գլիկոզիդներ, սապոնիններ, եթերայուղեր, ֆլավոնիդներ, վիտամիններ և այլն:
Դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին հայ մատենագրության մեջ առաջին գրավոր վկայությունն է թողել Եզնիկ Կողբացին, իսկ որպես դեղամիջոցներ օգտագործել են բժշկության հիմնադիր Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին։

(Լուսանկարում՝ արևքուրիկ կամ սրոհունդ (Зверобой) )
Կարևոր է իմանալ՝
- Տարբեր տվյալներով Հայաստանի տարածքում աճում է շուրջ 300 տեսակ ուտելի բույս: Որպես սնունդ օգտագործվող այս տեսակներից շատերի դեպքում պետք է շատ զգույշ լինել, քանի որ թունավոր նյութեր են պարունակում, իսկ բուժական նպատակներով կարելի է օգտագործել միայն ցողուններն ու տերևները:
- ֆիտոթերապիայի ճիշտ և տեղին օգտագործումը դրական ազդեցություն ունի մարդու իմունային համակարգի վրա: Այն կարող է նաև նվազեցնել քիմիաթերապիայի, ինչպես նաև հակաբիոտիկների, հորմոնալ և քիմիական դեղամիջոցների վնասակար ազդեցությունը օրգանիզմի վրա, այդ պատճառով ֆիտոպատրաստուկները հաճախ նշանակում են դեղորայքային բուժմանը զուգահեռ:
- Ֆիտոթերապիայի հարցում պետք է շատ զգույշ լինել. բուժման ժամանակ հարկավոր է անպայման հաշվի առնել մարդու տարիքը, հիվանդության ծանրությունը, օրգանիզմի ընդհանուր վիճակը:
- Ցանկալի է, որ բույսերը գնեք դեղատներից, քանի որ ինքնուրույն հավաքելու դեպքում մարդը կարող է սխալվել, քաղել սխալ բույս, որը կարող է թունավոր լինել:
Չպետք է մոռանալ, որ դեղաբույսերը ևս ունեն հակացուցումներ, իսկ չափաքանակի չարաշահումը կարող է հանգեցնել հակազդեցության:

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ: