29 / Մարտ / 2022 : 12-02

Վերսկսվել է գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է արել գազամատակարարման վերականգնման կապակցությամբ:

«Մարտի 28-ին վերսկսվել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով։ Ընթացիկ ամսին Ադրբեջանը երկու անգամ երկար ժամանակով խափանել էր բնական գազի մուտքն Արցախ՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամային իրավիճակ։

Ադրբեջանի կողմից իրականացվող հումանիտար ահաբեկչությունն արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատության, հնչեցվել են գազամատակարարման վերականգնման բազմաթիվ կոչեր, իրականացվել համապատասխան քաղաքական և դիվանագիտական քայլեր։ Մեծ է նաև ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը։

Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, քաղաքական և հասարակական գործիչներին, ովքեր հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և բարոյականության նորմերին՝ համարժեք գնահատական են տվել Ադրբեջանի գործողություններին և ջանքեր գործադրել այս հումանիտար աղետը վերացնելու ուղղությամբ։

Մարդասիրական խնդիրների քաղաքականացումն անթույլատրելի է ու անբարոյական, ցանկացած նման փորձ մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին»,- ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8088անգամ
Վերջին լուրեր