22 / Ապրիլ / 2022 : 15-29

Զինծառայողների հիմնադրամի հիմնական գումարները հավաքագրվում են Հայաստանի ու Արցախի պարտադիր վճարներից

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն, ընդհանուր առմամբ, ունի 4 հազար 760 շահառու, որից զոհված են 3 հազար 998-ը, անհայտ բացակայող՝ 152-ը, հաշմանդամություն ձեռք բերած՝ 610-ը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Յաղջյանը նշեց, որ այս տարվա առաջին եռամսյակում 70 նոր հատուցում է նշանակվել, շահառուների թիվն ավելանում է:

«Վերջին պատերազմից առաջ մենք ունեինք 417 դեպք, այսօր արդեն 4760: Այսինքն՝ տասնապատիկ ավելացել է շահառուների թիվը: Այս ընթացքում մենք հավաքագրել ենք 72 մլրդ դրամ, որից 59 մլրդ դրամն արդեն հատուցվել է: Ինչպես տեսնում եք, գումարների մեծ մասը տրամադրվել է»,-ասաց Տաթևիկ Յաղջյանը: Հիմնադրամի հիմնական գումարները հավաքագրվում են Հայաստանի ու Արցախի պարտադիր վճարներից՝ կազմելով 60.9 միլիարդ: 11 միլիարդը նվիրաբերությունների տեսքով ստացվել է աշխարհի ավելի քան 70 երկրներից:

Նա ներկայացրեց, որ վերջերս կատարած օրենսդրական փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտել: Խոսքը «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխությունների մասին է: Մինչ այս փոփոխությունը, շահառուներ համարվում էին զինծառայողի առաջնային ընտանիքի անդամները՝ ծնողները, կինը կամ ամուսինը, երեխաները: Բացառություն էին կազմում քույրն ու եղբայրը, որոնք անչափահաս էին ու գտնվում էին զինծառայողի հոգածության ներքո: Նոր փոփոխությամբ հիմնադրամի շահառու կարող է դառնալ զինծառայողի հետ չգրանցված ամուսնության մեջ գտնվող այն անձն, ով նրա հետ ունի համատեղ զավակ:


«Սա փակում է այն բացը, երբ զինծառայողը փաստացի ամուսնական կապի մեջ է եղել կնոջ հետ, սակայն ամուսնությունը գրանցված չի եղել: Այս դեպքում մնացած շահառուներին հավասար կինը կօգտվի աջակցությունից»,-ասաց Տաթևիկ Յաղջյանը:

Հաջորդ փոփոխության համաձայն՝ զինծառայողի քույրերն ու եղբայրները նույնպես կարող են դառնալ շահառու, երբ զինծառայողի հետ կապված չկա որևէ մեկն առաջնային ժառանգներից, որոնք ստանում են հատուցում: Օրինակ, զինծառայողը չունի ծնողներ, ամուսնացած չի եղել, զավակներ չի ունեցել, այդ դեպքում քույրը և եղբայրը կարող են դառնալ շահառու:

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն անկախ կառույց է, որը ստեղծվել է 2017 թվականին ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ խումբ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8186անգամ
Վերջին լուրեր