26 / Ապրիլ / 2022 : 11-26

Էրդողանը Կարո Փայլանին անվանել է «դավաճան»՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի պատճառով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «դավաճան» է անվանել «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանին։ Թուրքիայի ղեկավարին դուր չի եկել, որ Փայլանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ է ներկայացրել խորհրդարան։

Նրա խոսքով՝ Փայլանը «տեղ չունի երկրի խորհրդարանում»։


«Մենք [օրինագիծն] ընդունում ենք որպես բացահայտ դավաճանություն բարձրագույն ատյանում»,- ասել է Էրդողանը երկրի կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում։ Նա հույս ունի, որ «անհրաժեշտ միջոցներ» կձեռնարկվեն Փայլանի նկատմամբ, «որը խախտել է խորհրդարանի իրավունքի ու բարոյականության նորմերը», - փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Երկուշաբթի օրը Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մուստաֆա Սեզգինի նկատմամբ՝ Հայոց ցեղասպանության մասին Twitter-ում նրա գրառման համար։ Հետաքննությունն իրականացվում է տխրահռչակ 301-րդ հոդվածով («թուրքական պետությանը հրապարակայնորեն վիրավորելը»), որի համար առավելագույնը երեք տարվա ազատազրկում է նախատեսվում։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7885անգամ
Վերջին լուրեր