Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Ապրիլ / 2022 : 11-29

Երկու ոտքի ամպուտացիայից հետո նախկին սպան մարզվում է, շարունակում կրթությունը (լուսանկարներ)

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է հիմնադրամի շահառու, սպայական ուղի անցած Հայկի մասին.

«Երկու ոտքի ծնկից վերև ամպուտացիայից հետո մարդիկ սովորաբար չեն քայլում, բայց Հայկն իր վստահ քայլքով տեղափոխվում է մեկ մարզասարքից մյուսն ու առանց հոգնելու մարզվում այնքան, մինչև ձայն չտան ու չշեղեն։

Հանգստի րոպեներին Հայկը պատմում է իր սպայական 13 տարվա ճանապարհի մասին՝ նշելով, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից մեծ եղբորից փոխանցված հայրենասիրությունն էր տարել նրան ծառայության։

44-օրյա պատերազմին կամավորների ջոկատով Հայկն ուղևորվել էր մարտի ամենաթեժ կետը, հասել Մարտակերտի ու Մատաղիսի միջև գտնվող տարածքը։


«Սպայական փորձ ունենալով՝ արդեն գիտեի զինվորներին ինչպես օգնել։ Հիմա, երբ իրենց ծնողների հետ հաճախ գալիս են մեր տուն, հասկանում եմ, որ էդ երեխեքին մի օգուտ տվել եմ»։

Վիրավորման մասին խոսելիս Հայկը նայում է պրոթեզներին, վերհիշում ու պատմում, որ ոտքից մեկը հենց տեղում է կորցրել, մյուսն արդեն ամպուտացրել են Երևանում։ Ասում է՝ ոտքը պահպանելու խնդիրը չէր, այլ կյանքը փրկելու։

Պրոթեզավորումից հետո մոտ 9 ամիս գրեթե չէր քայլում, երբ Սարգիս Ստեփանյանի պնդումներից հետո ի վերջո որոշեց գնալ մարզվելու․ «Սայլակով գնացի, մեկ ամսվա մեջ սկսեցի վստահ քայլել։ Սարգսի շուրջ հավաքված տղաների հետ շփվելով հասկացա, որ ներքուստ հենց նրանց էի փնտրում, բայց չէի գիտակցում՝ ինչ էր ինձ պակասում»։


41 տարեկանում Հայկի համար սովորելու նոր փուլ է սկսվել։ Ընդունվել է Անանիա Շիրակացի համալսարանի իրավաբանական բաժինն ու կրթությունը շարունակելու է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում։

Հայկը Հայաստանի բազկամարտի առաջնության 3-րդ, 2-րդ և 1-ին տեղի մեդալներ ունի, հիմա էլ պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը։ Ասում է՝ մասնակցում են աշխարհին ցույց տալու, որ հայրենիքի համար կռվելուց ու վիրավորվելու հետո չեն կոտրվում, շարունակում են ապրել ու հաղթել՝ օրինակ ծառայելով բոլոր հայերի համար»։


Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15828անգամ
Վերջին լուրեր