18 / Մայիս / 2022 : 13-10

Ամերիաբանկը ստացել է «Տարվա գործարքը 2021 – Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում

Ամերիաբանկի և իտալական Banca Popolare di Sondrio բանկի համատեղ նախագիծը, որն ուղղված է ջրային և էներգետիկ ռեսուրսների պահպանմանը, արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Տարվա գործարք 2021. Կանաչ առևտուր» մրցանակին:
Այդ մասին հայտարարվել է ՎԶԵԲ-ի 2022թ. ամենամյա ժողովի և գործարար համաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում: Առանձին մրցանակաբաշխության ժամանակ հատուկ ուշադրության արժանացան Կանաչ առևտրի խթանման ծրագրի (ԱԽԾ) առավել ակտիվ մասնակից բանկերը:
Այս համատեղ ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել և տեղադրվել շշալցման ժամանակակից հոսքագիծ, որի շնորհիվ կարելի է ապահովել Հայաստանի 440 տնային տնտեսությունների կողմից սպառվող մաքուր ջրի տարեկան ծավալին համարժեք խնայողություն:

Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման կենտրոնի ղեկավար Սուրեն Քոչարյանը նշել է. «Սա ՎԶԵԲ-ի կողմից առևտրի ֆինանսավորման ոլորտում Ամերիաբանկի ակտիվ և արդյունավետ աշխատանքի շատ կարևոր գնահատական է: Առևտրի խթանման ծրագիրը նպաստում է միջազգային արդյունավետ համագործակցությունը, ինչպիսին է մեր գործընկերությունը Banca Popolare di Sondriօ բանկի հետ, որն անմիջական ազդեցություն է գործում մարդկանց և համայնքների առօրյայի վրա: Մենք ավելի կընդլայնենք մեր ակտիվ գործունեությունն առևտրի ֆինանսավորման ոլորտում, ինչը համահունչ է բիզնեսի վարման մեր պատասխանատու քաղաքականությանը, որն ուղղված է Հայաստանի ռեսուրսարդյունավետ և էկոլոգիապես կայուն ապագային»:

Ամերիաբանկը ստանձնել է երկարաժամկետ պարտավորություն` ստեղծելու կայուն միջավայր և աջակցելու հաճախորդների անցմանը դեպի ածխածնային չեզոք տնտեսություն: Այդ նպատակով ծրագրերի ֆինանսավորման հարցում Բանկը ներդրել է «կանաչ» և էկոլոգիապես մաքուր մոտեցում, որը և կիրառում է իր ընթացիկ գործունեության մեջ:

2009 թվականից ի վեր Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական հաստատությունների և խոշոր ներդրողների աջակցությամբ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտում ֆինանսավորել է ավելի քան 225 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի ծրագրեր:

2020թ. Ամերիաբանկը դարձավ առաջին բանկը Հայաստանում, որը տեղաբաշխեց իր «կանաչ» պարտատոմսերը հրապարակային առաջարկի միջոցով և տարածաշրջանում ստանձնեց «կանաչ» պարտատոմսերի թողարկման գծով առաջատարը լինելու պարտավորությունը:
Դիտվել է 2278անգամ
Վերջին լուրեր