19 / Մայիս / 2022 : 12-35

ԱՄՆ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը՝ իր ապագան որոշելու հարցում. ԱՄՆ դեսպան

Միացյալ Նահանգները համոզված է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորումը: Այդ մասին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին:

«Անշուշտ, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս մնում է չլուծված», - վերահաստատել է ԱՄՆ դեսպանը՝ ընդգծելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Դեսպանի խոսքով՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն համապարփակ խաղաղության հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ: Այդ իմաստով Վաշինգտոնում համոզված են, որ տևական հակամարտության հիմքում գտնվող խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները:

Դեսպան Թրեյսին շեշտել է է, որ Միացյալ Նահանգները խրախուսում է խաղաղ բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև և պատրաստ է ներգրավվել երկկողմ ձևաչափով և համախոհ երկրների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

«Թույլ տվեք ընդգծել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում: Սա նաև ներառում է ուղիղ կապի գործող մեխանիզմների օգտագործումը՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր չկարգավորված խնդիրներին և նորմալացնելու հարաբերությունները՝ խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրմամբ: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի այս ջանքերին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում՝ տևական և համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով», - ասել է դեսպանը։

Թրեյսիի խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է կարծել, որ տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորումը:

«Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն այս նպատակին հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ, իսկ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում», - ասել է դեսպանը։

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Արմենպրես» լրատվական կայքում
Դիտվել է 9048անգամ
Վերջին լուրեր