30 / Մայիս / 2022 : 11-42


Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից զինծառայող Դավիթ Վարդանյանի սպանության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքից արձակված կրակոցից զինծառայողի սպանության դեպքի առթիվ: Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեի մասին

Նախնական տեղեկություններով՝ 2022թ. մայիսի 28-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցների արդյունքում ձախ ոտքի աճուկային շրջանում ստացել է հրազենագնդակային վիրավորում և տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն, որտեղ 2022թ. մայիս 29-ին՝ ժամը 03:47-ին, արձանագրվել է նրա կենսաբանական մահը:

Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում,ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

Իսկ երեկ՝ մայիսի 29-ին ՀՀ ՊՆ հայտարարություն տարածեց, որում ասվում էր․«Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:


Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած եւ երեկ՝ մայիսի 29-ին մահացած զինծառայող Դավիթ Վարդանյանը Արմավիրի մարզի Նորապատ գյուղից էր, զորացրվելու էր օգոստոսի 5-ին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց գյուղի համայնքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավարը:

«Դավիթը խելոք երեխա էր, ընտանիքում միակ տղան էր, մեկ քույր ունի: Դավիթը 44-օրյա պատերազմին էր մասնակցել, Եղնիկներում էր ծառայել»,-ասաց համագյուղացին:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19109անգամ
Վերջին լուրեր