01 / Հունիս / 2022 : 16-13

Վաշինգտոնը չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի դեմ․ Բայդեն

Վաշինգտոնը չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի դեմ, քանի դեռ ՆԱՏՕ-ի ուժերը հարձակման չեն ենթարկվել։ Միացյալ Նահանգներն ուղղակիորեն չի միջամտի Ուկրաինայում ռազմական գործողություններին՝ The New York Times-ում հրապարակված հոդվածում նշել է Ջո Բայդենը։

«Ես չեմ ողջունում Վլադիմիր Պուտինի գործելաոճը, սակայն Վաշինգտոնը Ռուսաստանում իշխանափոխության չի նպաստի»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Նա ընդգծել է նաև, որ Մոսկվան միջուկային զենք կիրառելու մտադրություն չունի, Վաշինգտոնը նման քայլն անընդունելի է համարում։


Բայդենը հայտնել է, որ ԱՄՆ-ը Կիևին ավելի ժամանակակից զինամթերք կտրամադրի, այդ թվում՝ Stinger շարժական զենիթահրթիռային և Javelin հակատանկային համակարգեր, հրետանի և Մի-17 ուղղաթիռներ։

«Մեր նպատակն է, որ Ուկրաինան լինի ժողովրդավարական, անկախ, ինքնիշխան երկիր և կարողանա պաշտպանվել նոր հարձակումից։ Սակայն Ուկրաինային չենք խրախուսում հարվածներ հասցնել իր սահմաններից դուրս, նաև ճնշում չենք գործադրի Կիևի վրա՝ գնալ տարածքային զիջումների»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։

Նա հավելել է, որ Վաշինգտոնը կշարունակի ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան թևը՝ ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների ներուժի միջոցով։ Բայդենը ևս մեկ անգամ ողջունել է Դաշինքին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի որոշումը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 6387անգամ
Վերջին լուրեր