Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հունիս / 2022 : 14-24

Որ դեպքում բնակարան ձեռք բերելու համար աջակցություն կտրամադրվի. Տեսանյութ

Կառավարությունը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականի ծրագրերին հատկացրեց լրացուցիչ 400 միլիոն դրամ։ Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Ծրագիրն ունի երեք բաղադրիչ՝ միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, երկրորդ բաղադրիչը՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն` ապահովագրական վճարը մուծելու համար և երրորդը՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ աջակցություն։ Ես ցանկանում եմ շեշտել այս ծրագիրը, քանի որ բավականին մեծ է դիմելիությունը այս ծրագրի առնչությամբ։ Եթե ընտանիքում ծնվում է առաջին կամ երկրորդ երեխան, այդ վարկի մնացորդի 10 տոկոսի չափով գյուղերում, իսկ Երևանում 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ աջակցություն է տրամադրվում, երրորդ և չորրորդ երեխայի դեպքում՝ 2 միլիոն դրամ։ Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարեկանը, և ընտանիքում երրորդ երեխան է ծնվում, պետությունը մինչև 4 միլիոն դրամի դրամական աջակցություն է տրամադրում»,- նշեց Մկրտչյանը։

Նախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ ծրագրի մեկնարկից սկսած արդեն 3 250 շահառու ընտանիք ծրագրից օգտվել է, և պետության մասնակցությունը այս ծրագրին մոտ 2,2 միլիարդ դրամ է։

«Մենք նախատեսում ենք, որ այս տարի ծրագրից կօգտվի 2 500 շահառու ընտանիք։ Դա մոտ այնքան է, որքան 2020 և 2021 թվականների ցուցանիշները միասին վերցված։ Եվ 2022 թվականին ծրագրից արդեն օգտվել է շուրջ 900 շահառու։ Այս պահի դրությամբ էլ ունենք 150 բավարարված հայտ, և այս նախագծի ընդունման դեպքում անմիջապես նրանց գումարները կվճարվեն»,- ասաց Մկրտչյանը։








Կառավարության ընդունած ծրագրերի դեպքում իրազեկման խնդիր ունենք, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն, գործադիր մարմնի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության» պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերին։

«Ծրագրերն ընդունում ենք, կառավարության նիստում 15 րոպե քննարկում ենք, մեզ թվում է, թե մարդիկ տեղյակ են, իսկ մարդիկ իրականում տեղյակ չեն։ Մեր բոլոր ծրագրերը պետք է լայնորեն իրազեկվեն։ Ծրագրերը բարդ են, այս նույն ծրագրի համար մի քանի անգամ խորհրդակցություն եմ հրավիրել, որպեսզի նրբությունները հասկանամ», - ասաց վարչապետը՝ մանրամասնելով, թե կառավարությունը որոշել է, որ երեխա ունեցող ընտանիքներին պետք է աջակցություն ցույց տա։

Վարչապետի խոսքով՝ մարզերում բնակարան ձեռք բերելու համար աջակցություն է տրամադրվում բոլոր այն ընտանիքներին, ովքեր ունեն երկու անչափահաս երեխա։

«Աջակցությունը հետևյալն է՝ ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը միանվագ վճարում է պետությունը»։

Մանրամասնելով ծրագրի մյուս բաղադրիչները ևս՝ վարչապետն ասաց, թե մարդիկ պետք է տեղեկացված լինեն։

«Այնպես չլինի, թե փողի համար են երեխա ունենալու։ Չէ՛, ընտանիքի պլանավորումը նորմալ, քաղաքակիրթ բան է, և մարդիկ պետք է իրենց ընտանիքը պլանավորեն։ Եվ ես չեմ տեսնում, որ իմ հանձնարարականը պատշաճ ձևով իրականացվում է։ Մարզում խոսում ես մարդկանց հետ, հարցնում, թե այսպիսի ծրագիր կա, օգտվո՞ւմ եք՝ տեղյակ չեն։ Առաջիկայում պլանավորում ենք, որ մարզային այցեր ենք ունենալու, եթե հարցրի՝ տեղյա՞կ եք ծրագրից, ասացին՝ չէ, արագ խորհրդակցություն եմ հրավիրելու», -ասաց վարչապետը։


Մանրամասները տեսանյութում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 39939անգամ
Վերջին լուրեր