Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Հունիս / 2022 : 16-51

Մահացել է դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը


Կյանքից հեռացել է դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի թատերական գործիչների միության ֆեյսբուքյան էջից։

«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է թատերական գործի կազմակերպիչ, դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Վ. Հակոբյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»։

Վրեժ Հակոբյանը ծնվել է 1938 թվականի հունվարի 10-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: 1947-ին տեղափոխվել է Հայաստան:

Ավարտել է Երևանի Հ. Պարոնյանի անվան միջնակարգ դպրոցը: 1958-62 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում` Արմեն Գուլակյանի արվեստանոցում:

Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Մայր թատրոնում որպես դերասան, իսկ 1977 թվականին նշանակվել է թատրոնի փոխտնօրեն, 1982-ին՝ տնօրեն: Այդ շրջանում թատրոնը հյուրախաղերով եղել է մի շարք երկրներում` Ֆրանսիա, Նորվեգիա, Բուլղարիա, Չեխոսլովակիա և այլուր: Խաղացած ներկայացումներից են` «Լաբիրինթոս» (Ժուռնալիստ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Ռոդրիգո), Վ.Դեմարի «Հիշիր վաղվա օրը» (Ռոբերտ), Վ. Փափազյանի «Ժայռը» (Սերոբ), Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» (Արտակ Մոկաց) և այլն: Դերեր է կերտել նաև մի շարք մանկական հեքիաթներում: Նկարահանվել է հայկական ֆիլմերում` «Կարինե», «Մորգանի խնամին», «Խաթաբալա», «Մհերի արկածները արձակուրդում», «Ժայռ», «Երկունք», «Արևիկ», «Թռիչքը սկսում է գետնից» և այլն: 1992-ին Շաքե Թուխմանյանի և Ժան Նշանյանի հրավերով, մեկնել է ԱՄՆ, որտեղ Վ. Աճեմյանի անվան թատերախմբում խաղացել է Հ. Պարոնյանի «Շողոքորթը» (Թադե), «Պաղդասար ախպար» (Կիպար), Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» (Վասիլ) ներկայացումներում:

Ստորև լուսանկարը «Խաթաբալա» գեղարվեստական ֆիլմից






Երևան վերադառնալուց հետո ղեկավարել է ՀՀ մշակույթի նախարարության թատերարվեստի վարչությունը, իսկ մինչ 2003-ին՝ Մայր թատրոնը: 2003-13 թվականներին եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենը: Նկարահանվել է նաև «Դիմակահանդես», «Դժվար ապրուստ», «Բախտաբեր» հեռուստասերիալներում: 2008-ին արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալների, 2014-ին` Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի:

Լուսանկարում՝ Մհեր Մկրտչյանը Վրեժ Հակոբյանի հետ «Խաթաբալա» գեղարվեստական ֆիլմում



Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 84840անգամ
Վերջին լուրեր