08 / Հունիս / 2022 : 10-52

Եվրախորհրդարանը Թուրքիային կրկին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրոպական խորհրդարանը 448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայներով ընդունել է Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը: Փաստաթղթում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին և Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Զեկույցում հղում է կատարվում Եվրոպական խորհրդարանի 2015 թ. ապրիլի 15-ի զեկույցին և Թուրքիային կրկին կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Եվրոպական խորհրդարանը մտահոգություն է հայտնում, որ վերջին տարիների Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հակասում է Եվրոպական միության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության գերակայություններին, այդ թվում՝ Կովկասի մասով:


Եվրախորհրդարանը բարձր է գնահատում Թուրքիայի և Հայաստանի՝ երկկողմ շփումներ սկսելու որոշումը և ԵՄ-ին կոչ է անում ակտիվորեն աջակցել այդ գործընթացին: Այն նաև Թուրքիային հորդորում է ճանապարհ հարթել թուրք և հայ ժողովուրդների իրական հաշտեցման համար, լիովին կատարել հայկական և այլ մշակութային ժառանգության պաշտպանության իր պարտավորությունները:

Զեկույցում Թուրքիայի իշխանություններին կոչ է արվում ակտիվացնել ջանքերը այդ երկրում հայերի և այլ փոքրամասնությունների ծանր վիճակի արդյունավետ կարգավորման ուղղությամբ:

Եվրոպական խորհրդարանը Եվրամիությանը և անդամ պետություններին հորդորում է ուսումնասիրել այդ երկրներում «Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու հնարավորությունը:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 5779անգամ
Վերջին լուրեր