Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հունիս / 2022 : 13-15

«Ոսկե ծիրան»-ն այս տարի կմեկնարկի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կմեկնարկի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները:

2022-ին ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր՝ ամենահեղինակավոր կինոփառատոններից։

«Ամերիկացի» ֆիլմը 2022 թվականի Հայաստան/ԱՄՆ համատեղ արտադրության կինոնկար է։ Պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Պատրիկ Մալխասյանը, Սոլ Թրայոնը։ Սցենարի հեղինակը Մայքլ Գյուրջյանն է, օպերատորը՝ Գասեմ Էբրահիմյանը, երաժշտությունը գրել է Անդրանիկ Բերբերյանը։

Դերերում՝ Մայքլ Գյուրջյան, Հովիկ Կեուչկերյան, Նելլի Ուվարովա, Միխայիլ Տրուխին։ Մոնտաժը կատարել են Մայք Սոլեմը, Մայքլ Գյուրջյանը։

Ֆիլմի հերոս փոքրիկ Չարլին է, որը փախել ու մազապուրծ փրկվել է Հայոց ցեղասպանությունից՝ թաքնվելով Միացյալ Նահանգներ ուղևորվող բեռնատարում: Նրա ընտանիքի բախտը, սակայն, չի բերել: Չնայած ողբերգական մանկությանը՝ Չարլին, չափահաս դառնալով, մանկան պես հիանում էր աշխարհով: Շատ փախստականների և որբերի պես՝ Չարլիի մեծ սրտում անդունդ էր գոյացել…


Ֆիլմում պատմությունը սկսվում է 1947-ին, երբ Չարլին վերադառնում է Հայաստան, և նրան դիմավորում է Խորհրդային Միության դաժան իրականությունը: Հայաստանի հոգին խեղդվում է երկաթե վարագույրի տակ: Չարլիին տեղնուտեղը ձերբակալում և բանտարկում են՝ փողկապ կապելու անհեթեթ մեղադրանքով: Համոզվելու համար, որ Չարլին մյուս բանտարկյալների վրա չի ազդի իր «աշխարհաքաղաքացիական» հովերով, նրան մենախուց են տեղափոխում: Երբ Չարլին ուր որ է անձնատուր է լինելու տարաբախտ դրությանը, պարզում է, որ երկրաշարժից վնասվել է բանտի պատը, որը հենց իր խցի պատուհանի դիմաց է:

Մայքլ Գյուրջյանը հայկական արմատներով գրող, ռեժիսոր, դերասան է, ծնվել և մեծացել է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածաշրջանում: Նա «Էմմի» մրցանակ է ստացել «Դեյվիդի մայրը» հեռուստաֆիլմի համար: Հայտնի է նաև «Ոսկե գլոբուսի» արժանացած «Հինգով ենք» սերիալում, ինչպես նաև՝ պաշտամունքային և դասական դարձած «Փանքը Սոլթ Լեյք Սիթիից» ֆիլմում խաղացած դերերով: Վերջերս նա Ռոբերտ դե Նիրոյի հետ հանդես է եկել HBO-ի «Մեծն ստախոսը» ֆիլմում: Նրա ֆիլմացանկում են նաև «Լրավաճառները», «Չապլինը»՝ Ռոբերտ Դաունի կրտսերի մասնակցությամբ, «Հավերժ երիտասարդ»՝ Մել Գիբսոնի մասնակցությամբ, «Լաս Վեգասից հեռանալով», «Հորդ անձրև»՝ Մորգան Ֆրիմանի մասնակցությամբ, «Ջախջախված»՝ Հիդեր Գրեմի մասնակցությամբ, «Անպարտելիները», «Լյուցիֆեր», «Ծածուկ գործեր», «Խաբիր ինձ», «Տունը», «Լրտեսը», «Վանականը», «Հանցանքի վայրը», «Առանց հետքի» և այլ ֆիլմեր: Նրա «Պատրանք» կինոնկարում նկարահանվել է լեգենդար Քըրք Դուգլասը։

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 3345անգամ
Վերջին լուրեր