17 / Հունիս / 2022 : 14-19

Հնարավո՞ր է՝ «պստիկ պապան գնաց բանակ...» երգի կատարողից վաստակավորի կոչումը հետ վերցվի. նախարարը՝ ԿԳՄՍՆ նախագծի մասին

Այդ կոչումների համար հստակ չափանիշներ չկան, թե ում տալ, ում չտալ: Ավելորդ դասակարգումներ են:
Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով նախարարության՝ հանրային քննարկման ներկայացրած «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է չեղարկել «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ պահպանել «ՀՀ արվեստի վաստակավոր գործչի» և «ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի» պատվավոր կոչումները:

«Մեր կարծիքով՝ այդ կոչումների համար հստակ չափանիշներ չկան՝ ո՞ւմ տալ, ո՞վ է ժողովրդավարական, ո՞վ վաստակավոր: Այն կոչումները, որոնք պահպանել ենք, գիտության ու արվեստի, մշակույթի վաստակավոր գործիչ կոչումներն են: Դրանք տարբեր բաներ են: Ես կարծում եմ, որ մշակույթի գործիչներն իրենց գնահատականը պետք է ստանան տարբեր մշակութային համերգների, փառատոնների և մրցույթների մասնակցելու ժամանակ»,- նշեց նախարարը:

Ըստ նրա՝ այդ կոչումները ամեն ինչ խառնելու էլեմենտ են:

Լրագրողներից մեկի և նախարարի միջև նաև փոքրիկ երաժշտական դադար եղավ. լրագրողը նախարարից հետաքրքրվեց՝ հնարավոր է, օրինակ, «պստիկ պապան գնաց բանակ...» երգը երգող երգչից վաստակավորի կոչումը հետ վերցվի:

Դումանյանը, շարունակելով երգը, նշեց. «Հետը տարավ մի սուր դանակը....: Չարժի այդպիսի բաների վրա ժամանակ ծախսել: Վկայականը գրքույկով չի որոշվում՝ դու ժողովրդակա՞ն ես, թե՞ վաստակավոր»:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 28572անգամ
Վերջին լուրեր