21 / Հունիս / 2022 : 09-48

10 հազարից մինչև 1 միլիոն դրամ՝ մեկ օրվա համար. ինչ պայմաններ ու գներ են Հայաստանի հանգստի գոտիներում

Հայաստանում վերջին տարիներին մեծ թափ է առել ներգնա տուրիզմը, ստեղծվել եւ ստեղծվում են հարմարավետ ու հագեցած բացօթյա հանգստի վայրեր: Չենք կարող չարձանագրել, սակայն, որ սպասարկման որակի բարելավման հետ մեկտեղ բարձրանում են տրամադրվող ժամանցի վայրերի եւ հանգստի գոտիների վարձավճարները:

Շատ հաճախ մեր քաղաքացիները նկատում են՝ նույն գումարով եւ երբեմն ավելի մատչելի գնով հնարավոր է հարեւան Վրաստանում հանգստանալ, որտեղ նաեւ հնարավորություն կա ծովում լողալու: Կան նաեւ հակառակ տեսակետն ունեցողներ, որ մեր երկրում հանգիստն անցկացնելու համար հարմար տարբերակներ նույնպես կան:

«Հայկական ժամանակ»-ը առանձնացրել է հանրության շրջանում քիչ թե շատ հայտնի հանգստի գոտիները, պատասխանատուների հետ զրուցել վարձավճարների, առաջարկվող պայմանների մասին:

Ըստ այդմ՝ Ծաղկաձորում մեկ անձը մեկ օրվա համար կարող է գտնել ամենատարբեր գներով հյուրանոցային համարներ եւ հյուրատներ:

Օրինակ՝ «Multi Rest House» հյուրանոցում մեկ օր հանգիստն անցկացնելն արժե 45 հազարից 50 հազար դրամ: Փաթեթում ներառված են լողավազան, անվճար ավտոկայանատեղի եւ ֆիտնես: Սնունդը եւ մնացած զվարճանքները վճարովի են: Իսկ ահա «Վիլլաձոր» հյուրանոցում 1 մահճակալով սենյակն արժե 26 հազար դրամ, երկու մահճակալովը՝ 28 հազար դրամ: «Ծաղկահովիտ» գյուղական հյուրանոցը՝ հասարակ կահավորված սենյակներով, արժե 15 հազար դրամ, հյուրանոցում կան ռեստորան, լողավազան, բար: «Արարատ ռեզորտ» հանգստի գոտում մեկ օրվա փաթեթի արժեքն է 47 հազար դրամ, սակայն ներառում է միայն անվճար նախախաշ:

Սեւանում հանգիստն անցկացնելու համար տարածքներն ու հյուրատները տարեցտարի շատանում են, գները՝ տատանվում տարբեր սահմաններում: «Նոյ Լենդ ռեզորթ» հանգստի գոտում 2 անձի համար նախատեսված սովորական քոթեջն արժե 33 հազար դրամ, իսկ լյուքս քոթեջի արժեքը՝ 46 հազար դրամ, գնի մեջ ներառված է միայն նախաճաշը: «Ծովասար» ընտանեկան հանգստի համալիրում երկու անձի համար նախատեսված համարի արժեքը 32 հազար դրամ է, 4 անձի համար նախատեսված քոթեջի արժեքը սկսվում է 65 հազար դրամից, իսկ 5 անձի դեպքում՝ 67 հազար դրամից:

«Հարսնաքար» հյուրանոցում մեկտեղանի համարի արժեքը 40 հազար դրամ է, երկտեղանոցը՝ 45 հազար դրամ, իսկ, օրինակ, երեք ննջարան ունեցող քոթեջի մեկ օրվա արժեքը՝ 1 միլիոն դրամ: Սպասարկումը ներառում է նախաճաշ եւ ջրաշխարհի տոմսեր, անվճար են նաեւ բաց եւ փակ լողավազանները:


Մեկ անձի հանգստի դեպքում Դիլիջանում օրավարձով բնակարան կարելի է գտնել 12 հազար դրամից սկսած: Բնակարանում առկա են 2 ննջարան, 1 հյուրասենյակ, ցանկության դեպքում տրամադրվում են նաեւ տաղավարներ, խոհանոցային սպասք եւ տեխնիկա, կա անվճար ինտերնետ:

Պարզ լճի մոտակայքում գործող տաղավարների գները 12 հազար դրամ են, առկա է միայն աթոռ-սեղան եւ խորոված պատրաստելու հարմարանքներ, տաղավարը լճից 50 մետր հեռավորության վրա է: Նկատենք, որ վերջին շրջանում բազմաթիվ են քաղաքացիների դժգոհությունները, որ լճի հարակից տարածքը վերածվել է հակահիգինեիկ ու հակաէսթետիկ մի միջավայրի. ամենուր աղբի մնացորդներ են, տարատեսակ վատ հոտեր ու անհասկանալի իրարանցում:

Իսկ ահա Պարզ լճի մոտակայքում գտնվող հյուրանոցային եւ քոթեջային համալիր «Դիլիջան Պարկ Ռեզորտ»-ում սովորական մեկտեղանի համարի արժեքը 27 հազար դրամից է սկսվում, երկտեղանիները՝ 30 հազար դրամից, դելյուքս մեկտեղանի համարի արժեքը 33 հազար դրամ է, երկտեղանինը՝ 36 հազար դրամ, ընտանեկան համարների արժեքը 48 հազար դրամ է, 2 ննջասենյակով քոթեջի արժեքը՝ 76 հազար դրամ, 3 ննջասենյակով քոթեջինը՝ 96 հազար դրամ, 4 սենյականոցինը՝ 120 հազար դրամ:

Աղվերանում հյուրատների արժեքը սկսվում է 25 հազարից՝ առավելագույնը հասնելով 38 հազար ՀՀ դրամի: «Անտառատուն Աղվերան» կոչվող հյուրատունը բնության գրկում մեկուսի տնակ է։ Արժեքը՝ 30 հազար դրամ, ներառում է ընդամենը կեցություն՝ առանց սննդի: Գիշերակացով այստեղ կարող են տեղավորվել առավելագույնը 4 մեծահասակ, իսկ առանց գիշերակացի՝ ժամանցի համար, մինչեւ 15 անձանց համար բակում կա սեղան, թոնիր եւ մանղալ։ «Կրիստալ ռեզորթը» այս շարքում ամենաբարձ գինն ունի՝ 38 հազար դրամ: Հյուրանոցային համալիրի որպես առավելություն է նշված ժամանակակից սարքավորումների եւ բարձր մակարդակի սպասարկումը, սակայն 38 հազար դրամը կեցության վայրից բացի՝ գրեթե ոչինչ չի ներառում՝ ո՛չ սնունդ, ո՛չ սպա կենտրոն եւ ո՛չ էլ այլ առավելություններ:

Ջերմուկում գտնվող հյուրանոցների մեկօրյա արժեքը մեկ անձի համար սկսվում է 10 հազար դրամից՝ հասնելով առավելագույնը 35 հազար դրամի: Օրինակ՝ «Եվմարի» հյուրատանը 10 հազար դրամ արժողությամբ երկտեղանի համար է առաջարկվում սովորական պայմաններով, առկա է միայն առաջին անհրաժեշտության տեխնիկա, իսկ սննդի մասին հիշատակելն այդ գնի սահմաններում թերեւս ավելորդ է: Իսկ ահա 35 հազար դրամ արժողությամբ «Ջերմուկ հյուրանոց սպա»-ի կենտրոնում տրամադրվում է 3-անգամյա սնունդ, բնականաբար, համարների գներն էլ նախորդի հանգստի գոտու համեմատ եռակի արժեքն ունեն՝ մեկտեղանի համարի արժեքն է 30 հազար դրամ, երկտեղանիինը՝ 35 հազար դրամ:

Աշտարակի ձորում գտնվող տաղավարներից առավոտից երեկո օգտվելու համար վճարը սկսվում է 10 հազար դրամից՝ հասնելով 55 հազար դրամի: Տեղի պատասխանատուն մեզ հայտնեց, որ ամբողջ օրվա համար փոքր տաղավարների արժեքը 10 հազար դրամ է, որը նախատեսված է առավելագույնը 7-10 անձի համար: Նկատենք՝ տաղավար ասվածը մեկ երկար սեղան է՝ երկու կողմերում աթոռներով ու գլխին ծածկով: 10-ից ավելի մարդ ներառող մեծ տաղավարների գինը հասնում է մինչեւ 55 հազար դրամի: «Տաղավարի համար վճարի դիմաց կարող են օգտվել նաեւ հարակից լողավազանից, մանկական խաղահրապարակից, տարատեսակ խաղերից»,- հավելեց պատասխանատուն:

«Լալստիվեր ռեզորթ» հանգստի գոտում 2 անձի համար նախատեսված սովորական սենյակի արժեքը սկսվում է 50 հազար դրամից, որը ներառում է միայն նախաճաշ: Կիսալյուքս դասի սենյակը երկու անձի համար արժե 60 հազար դրամ, լյուքս դասինը՝ 80 հազար դրամ, սակայն առաջարկվում են նաեւ տաքացվող բաց լողավազան, ջակուզի ու շոգեբաղնիք:

Ենոքավանում հանգիստը սկսվում է 27 հազար դրամի սահմաններում: «Ապագա ռեզորթ»-ում, օրինակ, մեկտեղանի սովորական քոթեջի գինը 27 հազար դրամ է, երկտեղանիինը՝ 30 հազար դրամ: Դելյուքս մեկտեղանի քոթեջի մեկօրյա արժեքը 35 հազար է, երկտեղանիինը՝ 37 հազար դրամ: Հյուրանոցը ներկայացնում է 12 երկհարկանի քոթեջներ, ամեն քոթեջում առկա է 2 սենյակ: Այստեղ էլ սնունդ չի առաջարկվում, իսկ մնացած թվարկվող ծառայություններն ու ժամանցի վայրերը՝ ձիավարում, արշավներ, ֆուտբոլի եւ վոլեյբոլի դաշտեր եւ այլն, եւ այլն, վճարովի են:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 56280անգամ
Վերջին լուրեր