23 / Հունիս / 2022 : 15-23

Կիևը պահանջել է, որ Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ չտան. Ղարիբաշվիլի

Ուկրաինան պահանջել է, որ Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ չտրամադրեն։ Վրաստանի խորհրդարանում այս հայտարարությունն արել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ և Եվրոպա կատարած այցերի ժամանակ համապատասխան պահանջով հանդես է եկել Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան:

Ղարիբաշվիլին հիասթափված է, որ Եվրոպան թեկնածուների ընտրության ժամանակ հաշվի է առնում ոչ թե ժողովրդավարության ոլորտում երկրի ձեռքբերումները, այլ Ռուսաստանի հետ հակամարտության առկայությունը:

«Ես եվրոպացի գործընկերներից լսել եմ, որ նրանք ձգտում են ւ ձեռքբերումների վրա հիմնված որոշում կայացնել, ինչը, ցավոք, մենք չտեսանք։ Ինձ անձամբ ասել են, որ իրենք Ուկրաինայի հակամարտությունն են հաշվի առնում որպես գլխավոր գործոն»,-ասել է Ղարիբաշվիլին։

Նրա խոսքովեթե «Ասոցացված եռյակից» որևէ մեկն արժանի էր կարգավիճակի, ապա դա Վրաստանն է: Ղարիբաշվիլին ընդգծել է, որ իրենց երկիրը Մոլդովային և Ուկրաինային գերազանցում է բոլոր միջազգային վարկանիշներում, այդ թվում ՝ արդարադատության, բյուջեի թափանցիկության, տնտեսության ազատության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի առումով:

«Էմոցիոնալ առումով այդ որոշումը հիասթափեցնող է։ Եվ ես հասկանում եմ, որ այն բոլոր մարդիկ, որոնք հավատում էին եվրոպական հեռանկարին, հիասթափված են։ Բայց մենք բոլորս պետք է հանգիստ լինենք։ Մենք պետք է սպասենք վերջնական որոշմանը»,-ասել է նա։ Ղարիբաշվիլին նշել է կառավարության նպատակն է այնպես անել, որ առաջիկա տարիներին Վրաստանը հայտնվի գլոբալ վարկանիշների առաջատարների հնգյակում:

Եվրահանձնաժողովն անցած շաբաթ հավանություն էր տվել, որ Ուկրաինան ու Մոլդովան ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանան, իսկ Վրաստանին խորհուրդ էր տվել առայժմ կատարել պայմանները: Երկրի ընդդիմությունը դա իշխանությունների ձախողումն է համարում, իսկ կառավարությունը հայտարարել է, որ Վրաստանին «եվրոպական հեռանկար» տրամադրելու ԵՀ առաջարկն արդեն իսկ հաջողություն է թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին:

Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին որոշում կընդունվի Եվրամիության գագաթնաժողովում, որը տեղի կունենա հունիսի 23-24-ը: Թեկնածուի կարգավիճակ կտրվի այն դեպքում, եթե «կողմ» հանդես գան Եվրամիության անդամ բոլոր երկրները։

Դիտվել է 10905անգամ
Վերջին լուրեր