Իլոն Մասկին պատկանող ըներությունը պատրաստվում է մոտ ապագայում չիպեր տեղադրել մարդկային գլխուղեղում
Ամերիկացի գործարար, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ իրեն պատկանող Neuralink ընկերությունը, որն արհեստական բանականության մշակմամբ է զբաղվում, մոտ ապագայում պատրաստվում է չիպ տեղադրել մարդկային գլխուղեղում, գրում է Business Insider հրատարակությունը։
Կայքի փոխանցմամբ՝ ընկերության մասնագետները տարեվերջին կավարտեն իմպլանտի պատրաստման աշխատանքները․ նշվում է, որ չիպերը նախատեսված են գլխուղեղի վնասվածքների հետևանքով տեսողությունը, լսողությունը և վերջույթները շարժելու ունակությունը կորցրած անձանց համար։
Նկարագրելով սարքը՝ Մասկը, մասնավորապես, նշել է․ «Սկզբունքորեն, չիպը կարող է շտկել գլխուղեղի հետ կապված խնդիրները։ Մենք հաշմանդամություն ունեցող մարդկանց առողջ դարձնելու հնարավորություն ենք ունենում»։
Ձեռնարկատերը հավելել է, որ սարքերը ծրագրվում է գանգի մեջ տեղադրել։ Դրա՝ ուղեղի հետ միացումը տեղի կունենա էլեկտրոդների միջոցով։