12 / Հուլիս / 2022 : 10-00

Մինչ այդ անհանգիստ շարժումներ անող Համբիկը աչքերը լցրեց, կասկած չկար, որ պատմելու բան ունի

Կարո Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԿԵՆԱՑԴ, ԱԶԻ՛Զ

Լուսանկարում Համբարձումն է, Բաթումի մեր համայնքում ամենքին քաջ հայտնի Համբիկը: Բաթումի հայոց եկեղեցուն կից մշակույթի կենտրոնում կայացած բանախոսությանս ողջ ընթացքում հայացքս նրան էր գամված: Այստեղ հարկ համարեցի հատուկ ընդգծել, որ տարածաշրջանից հեռանալիս Անդրանիկի վերջին հանգրվանը Բաթումն էր, որտեղ Զորավարը աշխատանքի տեղավորեց իրեն ուղեկցող բոլոր զինվորներին ու նոր նավ բարձրացավ: Մինչ այդ անհանգիստ շարժումներ անող Համբիկը աչքերը լցրեց: Էլ կասկած չկար, որ պատմելու բան ունի: Երբ դրսում առանձնացանք, հուզված պատմեց, որ իր պապն էլ Անդրանիկի զինվորներից էր, որ Զորավարի լուսանկարը տեղադրել էր տան ամենապատվավոր տեղում ու ամեն անգամ ճաշելիս պարտադիր առաջին գավաթը բարձրացնում էր նրա պատվին: Ես էլ հատուկ նրա համար արտասանեցի «Ֆայտոն Ալեքի» հետևյալ հատվածները.


Ֆայտոն Ալե՜քը…Նա Շիրակի մեջ
Այդ անունով էր ծանոթ ամենքին։
Տունը կանգնած էր Սև ժամից վերև,
Ձորի-բողազի կանաչ բարձունքին:
Քարե տնակ էր փոքրիկ բոստանով,
Կատուն նստում էր հաճախ տանիքին,
Պատին թախծում էր «Մայր Հայաստանը»
Հայացքը հառած քաջ Անդրանիկին:
Ամեն առավոտ հերոսի պատվին
Նա կուլ էր տալիս մի գավաթ օղի.
- Կենացդ, ազի՛զ… Եվ մտրակն առած,
Շապխան ծածկելով գնում էր գործի:

Ի դեպ, մեր տարօրինակ-անօրինակ արշավանքն ավարտվեց: Երթուղին այսպիսին էր. Թիֆլիս, Բաթում, Նալչիկ, Էսենտուկի, Պյատիգորսկ, Արմավիր, Կրասնոդար: Երևի թե երբևէ ամեն հանդիպմանը առանձին կանդրադառնամ: Իսկ այժմ ասեմ միայն, որ ամենուրեք նույն խանդավառությունն էր: Մեր տարած թեման Անդրանիկի վերջին արշավանքի պատմությունն էր, որի արդյունքում Սյունիքն անառիկ մնաց, իսկ Արցախում էլ Զորավարի ահից չիրականացվեցին զանգվածային կոտորածներ: Նաև սփյուռքում Զորավարի կազմակերպած դրամահավաքները, որոնց ողջ հասույթը ուղարկում էր անօթևան գաղթականներին, ու ամեն լումայի մասին մանրակրկիտ հաշվետվություն տրամադրում նվիրատուներին...»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 16042անգամ
Վերջին լուրեր