18 / Հուլիս / 2022 : 14-40

Իսպանիայում և Պորտուգալիայում շոգից զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Իսպանիայում և Պորտուգալիայում շոգից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը: Ըստ AFP-ի՝ Մադրիդում ջերմաստիճանը հասել է 39 աստիճանի: Երկրի արևելքում գտնվող Դոն Բենիտոյում գրանցվել է ռեկորդային բարձր՝ 43,3 աստիճան:

Օդերևութաբանները երկարատև ջերմային ալիք են կանխատեսում: Մտավախություն կա, որ շոգը 20 օր և ավելի կպահպանվի շատ շրջաններում՝ Պորտուգալիայից մինչև Կենտրոնական Ֆրանսիա և Հարավարևելյան Եվրոպայի տարածքներ: Խոսքը վերաբերում է Հունգարիայի, Արևելյան Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիայի, Հարավային Ռումինիայի ու Հյուսիսային Բուլղարիայի մի շարք տարածքներին։ Շոգը կարող է տևել մինչև հուլիսի վերջ և շարունակվել օգոստոսին:

Այս ֆոնին հրդեհներ են մոլեգնում Ֆրանսիայում, Հունաստանում, Պորտուգալիայում և Իսպանիայում, տասնյակ քառակուսի կիլոմետր տարածք է այրվել, հազարավոր բնակիչներ և զբոսաշրջիկներ ստիպված լքել են իրենց բնակության և հանգստի վայրերը, զոհվել է մի քանի փրկարար։


Սա արդեն երկրորդ շոգն է Հարավարևմտյան Եվրոպայում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում։ Գիտնականներն էքստրեմալ ջերմաստիճանի պատճառ են համարում կլիմայի փոփոխությունը և կանխատեսում են ավելի հաճախակի երաշտ:

Մեծ Բրիտանիայում հուլիսի 16-ին գումարվել է ազգային ճգնաժամային շտաբ։ Ավելի վաղ օդերևութաբանական վարչությունն առաջին անգամ երկրի որոշ շրջաններում հայտարարել էր շոգի ամենավտանգավոր՝ «կարմիր» նախազգուշացում։

Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում, հիմնականում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող շրջաններում, բարձր ջերմաստիճանի պատճառով իշխանությունները հայտարարել են տագնապի բարձր մակարդակ։ Սպասվում է մինչև 41 աստիճան տաքություն, որը կշարունակվի ևս մի քանի օր։

Այս շաբաթ ջերմաստիճանը կբարձրանա մինչև 40 աստիճան նաև Գերմանիայում: Երկրի իշխանությունները զգուշացրել են, որ որոշ շրջաններում երաշտի պատճառով կարող է ջրի պակաս լինել։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 16238անգամ
Վերջին լուրեր