12 / Մայիս / 2020 : 17-54

Հայ կիսապաշտպանը ՄԼՍ-ից

18-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Գևորգ Դիարբյանը հանդիսանում է ՄԼՍ-ը ներկայացնող New England Revolution ակումբի ակադեմիայի շրջանավարտ:

«Ծնվել եմ 2001 թվականին ԱՄՆ-ի Կրանստոն քաղաքում»,- նշել է Գևորգը:

«Նախորդ 3 տարիներին հանդես եմ եկել ՄԼՍ-ի New England Revolution ակումբի ակադեմիայում, խաղացել եմ Մ-16, Մ-17, Մ-18 և Մ-19 տարեկանների թիմերում:

Եկել է հաջորդ քայլը կատարելու ժամանակը: Ես որոշում եմ ընդունել կարիերաս շարունակել Providence քոլեջի թիմում: Այստեղ ես կստանամ բարձրակարգ կրթություն, ինչը շատ կարևոր է ինձ համար, և կունենամ լավ կարիերա կառուցելու հնարավորություն: Քոլեջի լավագույն խաղացողները հաճախ ընդգրկվում են ՄԼՍ-ի դրաֆթում:

Ապագայում շատ կցանկանամ խաղալ ՄԼՍ-ում կամ էլ համալրել եվրոպական թիմերից մեկի կազմը:

Այստեղ ինձ հաճախ են համեմատում Մխիթարյանի հետ կամ անվանում հայկական Մեսի, երևի թե նմանություններ են տեսնում խաղաոճում (ծիծաղում է):

Ես միասնական ընտանիք ունեմ: Կարիերայիս ընթացքում ինձ շատ են օգնել ծնողներս, ավագ եղբայրս` Ազատը: Ի դեպ, պապիկս ևս ֆուտբոլիստ է եղել:

Ամեն անգամ, երբ դուրս եմ գալիս խաղադաշտ, զգում եմ, որ պաշտպանում եմ Հայաստանի պատիվը ԱՄՆ-ում: Դա ինձ ուժ է և հավելյալ պատասխանատվության զգացում է տալիս:

Անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի հավաքականներից հրավերի: Պարզապես երջանիկ կլինեմ, եթե հրավիրվեմ իմ հայրենիքի հավաքական: Դա իմ ընտանիքի երազանքն է»,- նշել է Գևորգ Դիարբյանը:

Դիտվել է 12916անգամ
Վերջին լուրեր