27 / Հուլիս / 2022 : 17-48

Մարզային գրադարաններն արդյունավետ կաշխատեն. Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 45 գրադարանավարներ վերապատրաստվեցին

2022թ. հուլիսին Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզային և համայնքային գրադարանների 45 աշխատակիցներ մասնագիտական կարողությունների և հմտությունների վերապատրաստման դասընթացների մասնակցեցին: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրին Գեղարքունիքի մարզից մասնակցել են 26, Վայոց ձորի մարզից՝ 19 աշխատակից:

Դասընթացներն անց են կացվել երկու փուլով՝ յուրաքանչյուր մարզի համար կազմակերպվել են տեսական և գործնական երկուական օր տևողությամբ հանդիպումներ: Դասընթացների չորս օրերի ընթացքում մարզային գրադարանավարները գրադարանային աշխատանքի գործառույթների վերաբերյալ տեսական ու գործնական նոր գիտելիքներ ձեռքբերեցին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի օրինակով ծանոթացան, թե ինչպես նորացնել գրադարանային հավաքածուի և ընթերցողների սպասարկման ուղղությամբ աշխատանքները, կանոնակարգել գրադարանի աշխատանքները, համագործակցել պետական կառույցների և ՀԿ-ների հետ, կազմակերպել զանգվածային միջոցառումներ և այլն: Դասընթացների մասնակիցները ստացան նաև մեդիագրագիտության վերաբերյալ գիտելիքներ, ձեռքբերեցին մեդիայի հետ աշխատելու փորձառություն:

Դասընթացները վարել են Մայր աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական, Ավ. Իսահակյանի անվան քաղաքային և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գրադարանների մասնագետները և հրավիրված փորձագետները:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 14738անգամ
Վերջին լուրեր