28 / Հուլիս / 2022 : 10-09

ԱՄՆ-ը վերահաստատում է Մինսկի խմբում Ռուսաստանի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը․ Լին Թրեյսի

Միացյալ Նահանգները կրկին հայտարարում է, թե պատրաստ է շարունակել աշխատանքը Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի համապարփակ ու խաղաղ կարգավորման։ Այդ մասին երեկ «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում խոսեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Մինսկի խումբն օգտագործել որպես հարթակ։ Այդ առաջարկը մնում է բաց։ Մենք չենք լսել ռուս գործընկերների արձագանքն այս առաջարկին։ Բայց կարծում եմ, որ դա է առաջին քայլը, որից հետո մենք կարող ենք խոսել այլ քայլերի և գաղափարների մասին», - ասաց դեսպանը:

«Առաջին քայլը ակնկալում ենք Ռուսաստանից, և դա Ռուսաստանի վերադարձն է այս ձևաչափին իր մասնակցությանը: Մենք շարունակում ենք Մինսկի խումբը դիտարկել որպես ձևաչափ, հարթակ, որն ունի միջազգային մանդատ՝ անդրադառնալու Լեռնային Ղարաբաղի իրավիճակին», - ընդգծեց Լին Թրեյսին:



Արձագանքելով «Ազատության» հարցին, թե ինչպես է Նահանգները վերաբերվում Ադրբեջանի նախագահի պնդումներին, թե հակամարտությունն այլևս կարգավորված է, և միջնորդների կարիքը չկա, դեսպան Թրեյսին ընդգծեց՝ չնայած այդ հայտարարություններին՝ Վաշինգտոնը կշարունակի ուղիներ փնտրել Մինսկի խմբի ձևաչափն օգտագործելու համար:

«Չնայած Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ, որը մեծ ուշադրություն է գրավել աշխարհում, Միացյալ Նահանգները շատ կենտրոնացած է նաև այս տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի վրա: Կարծում եմ, որ դա արտացոլվել է հեռախոսազանգերի, շփումների մեջ, որոնք մենք տեսել այս վարչակազմի` իշխանություն ստանձնելուց ի վեր։ Դա ցույց է տալիս Միացյալ Նահանգների, պետքարտուղարի հանձնառությունը` փորձել խուսափել հակամարտությունների վերադարձից, քննարկումները պահել ուշադրության կենտրոնում, գրանցել առաջընթաց, և անել դա դիվանագիտական ճանապարհով», - նշեց ԱՄՆ դեսպանը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6287անգամ
Վերջին լուրեր