28 / Հուլիս / 2022 : 11-38

526 պայմանագրային զինծառայողներ արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկ կստանան. Պետությունը կվճարի մայր գումարի 10 %-ը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 28-ի նիստում որոշեց փոփոխություն կատարել իր որոշումներից մեկում, որով հնարավորություն է տրվում զինծառայողներին արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկ ստանա:

Հարցը ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ նշելով. «Նախատեսվում է ՊՆ-ի համակարգի սպայական եւ ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով երկարաժամկետ եւ արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2022-ին դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին:

Ըստ այդմ, 526 զինծառայողի կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Որոշման նախագծով, ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում նաեւ մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված եւ ավարտելուց հետո հետուսումնական պայմանագրային զինծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին՝ ավարտլուց հետո 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում»:

Իր հերթին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը մանրամասնեց, որ այս ծրագրով ձեռք բերվող բնակարանների մայր գումարի 10 տոկոսը եւ վարկի 7 տոկոս կազմող տոկոսադրույքի 3 տոկոսը սուբսիադավորում է պետությունը:

«Այս ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող: Նրանցից առաջնահերթության կարգով եւ վիճակահանությամբ տեղեկանք է տրվել 492 զինծառայողի: Այս որոշման ընդունման դեպքում մնացած 526 զինծառայողներին եւս կհատկացվի անհրաժեշտ տեղեկանքը»:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19883անգամ
Վերջին լուրեր