Վրաստանը զբոսաշրջիկներից բժշկական տեղեկանքներ կպահանջի
Վրաաստանը սկսելու է օտարերկրյա զբոսաշրջիկներից բժշկական տեղեկանքներ պահանջել, որտեղ կնշվի, որ այդ երկիր մուտք գործող անձը վարակված չէ կորոնավիրուսով։ Այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին,- գրում է Region Monitor-ը։
Վրաստանի կառավարությունը ներկայացրել է տուրիզմի գործարկման հակաճգնաժամային ծրագիր, որի աշխատանքն արդեն 2 ամիս ամբողջությամբ դադարեցված է համավարակի պատճառով: Սպասվում է, որ հունիսի 15-ից կբացվի ներքին տուրիզմը, իսկ հուլիսի 1-ից Վրաստանը կսկսի ճանապարհորդների ընդունել արտասահմանից:
Նախատեսվում է զբոսաշրջիկներին ընդունել «կանաչ գոտիներում», որտեղ կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել:
Վրաստանը հայտարարում է, թե պայմանավորվածություն է ձեռք բերել արդեն 18 ավիաընկերությունների հետ` չվերթները վերսկսելու մասին:
«Ըստ այդմ, տեղական շուկայում գործող 36 ընկերությունների կեսն արդեն համաձայնել են վերականգնել թռիչքները», — հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան:
«Իհարկե, դրանից առաջ մենք պետք է դիվանագիտական խողովակներով համաձայնության գանք օտարերկրյա կառավարությունների հետ` անվտանգության կանոնների ու սկզբունքների շուրջ: Սակայն, այս փուլում կարևոր է, որ ավիաընկերությունները, առաջին իսկ հնարավորության դեպքում, պատրաստ են վերադառնալ աշխատանքի, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք բացվել տուրիստական սեզոնի մեկնարկին», — ասել է նա:
Նշենք, որ Վրաստանը այլ երկրների հետ հաղորդակցությունը սառեցրել, չվերթները դադարեցրել էր մարտի 21-ից` կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս ընթացքում միայն չարթերային թռիչքներ էին իրականացվում` արտասահմանից Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար:
Մայիսի 11-ին հանդիպելով տրանսպորտի ոլորտի պատասխանատուների ու գործարարների հետ, էկոնոմիկայի նախարարը հայտարարել է` Թբիլիսին պատրաստ է մի քանի շաբաթից վերագործարկել զբոսաշրջային բիզնեսը:
«Եթե ամեն ինչ ընթանա, ըստ մեր ծրագրած սցենարի, հունիսի 15-ից կվերսկսվի ներքին տուրիզմը, հուլիսի 1-ից` Վրաստան կարող են ժամանել նաև օտարերկրյա զբոսաշրջիկներ, այդ թվում` Ռուսաստանի քաղաքացիներ», — ասել է նախարարը։
Պաշտոնյաները, միաժամանակ, նշում են, որ մինչ այդ սահմանվելու են անվտանգության աննախադեպ կանոններ․ կայարաններում, օդանավակայաններում տեղադրվելու են հատուկ նշաններ՝ սոցիալական հեռավորության նորմերը պահելու համար, ուղևորները պարտավորվելու են դիմակներ կրել ճանապարհորդության ողջ ընթացքում, Վրաստան ժամանելուն պես էլ` կորոնավիրուսի թեստ հանձնել: Ըստ պաշտոնյաների՝ ստուգումների համար կպահանջվի մոտ մեկ ժամ:
Աջարիայի տեղական իշխանություններն, իրենց հերթին, հաղորդել են` պատրաստվում են հունիսից արդեն բացել ծովափնյա տարածքները, պայմանով, որ հանգստացողները պահպանեն սոցիալական հեռավորության նորմերը:
«Մինչ այժմ համաճարակի դեմ մեր պայքարը արդյունավետ է եղել, ինչը թույլ է տալիս աստիճանաբար մեղմել սահմանափակումները», — հայտարարել է Վրաստանի կառավարությունը:
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը մայիսի 11-ից սկսել է վերագործարկել տնտեսությունը` բաց են բոլոր գործարաններն ու ձեռնարկությունները, ինչպես նաև առևտրի կենտրոնները՝ բացառությամբ