21 / Սեպտեմբեր / 2022 : 09-55

Ջերմուկի ուղղությամբ մխրճված ադրբեջանական ջոկատը դեռ շրջափակման մեջ է. ՊՆ խոսնակ

Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ առաջնագծում իրադրության փոփոխություն չկա, «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Հարցին, թե հաջողվե՞լ է ադրբեջանական խմբերին հեռացնել Ջերմուկի ուղղությամբ հայկական տարածքներից, թե՞, ինչպես ԳՇ պետն էր ասել՝ «սպասում եք, որ պաշարները վերջանան ու ինքնուրույն հետ գնան»՝ ՊՆ խոսնակը պատասխանեց. «ԳՇ պետի կողմից իրավիճակը ներկայացնելուց հետո իրավիճակի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»:


Անդրադառնալով դիրքային հնարավոր կորուստներին՝ ՊՆ խոսնակն ասաց. «Բոլոր տեսակի ճշգրտման աշխատանքներ են իրականացվում՝ և՛ նյութական, և՛ այլ: Կորուստների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում, այդ աշխատանքների լիարժեք ավարտին ՊՆ-ն ամփոփ տեղեկատվություն կտրամադրի»:

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանի սահմաններին հակառակորդը շարունակում է ուժեր կուտակել՝ Արամ Թորոսյանը վստահեցրեց՝ ՀՀ զինված ուժերը ողջ ծավալով կատարում է իր առջև դրված խնդիրը, աչալրջորեն իրականացնում պետական սահմանի ու ինքնիշխան տարածքի պաշտպանության համար նախատեսված բոլոր խնդիրները:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 438836անգամ
Վերջին լուրեր