28 / Մարտ / 2020 : 22-08

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (5րդ դար)

Հեղինակ՝ Մարիա Մարկոսյան 

Սուրբ Մեսրոպ Մաշտոց. 1996 թվականից Արագածոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցի Օշական գյուղում։ Կրոնական կառույց, որ հիմնադրել է իշխան Վահան Ամատունին, 443 թվականին, Մեսրոպ Մաշտոցի դամբարանի հիմքի վրա։

Կիսավեր տաճարը 1873-1879ին վերակառուցել եւ օծել է Գեւորգ Դ կաթողիկոսը։ Մինչև 20-րդ դար դեռևս պահպանված են եղել նախկին շինության պատերի հետքերը։

 

Ավագ խորանի տակ գտնվում է Մեսրոպ Մաշտոցի դամբարանը (443թ.)՝ ուղղանկյուն թաղածածկ խուց։

1913 թվականին եկեղեցու հարավային կողմում կառուցվել է դպրոցի շենք, որը հետագայում վերանորոգվել է, իսկ 1997 թվականին արդեն բացվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատունը։ Դեպի Մեսրոպ Մաշտոցի դամբարանը տանող մուտքի դիմաց կանգնեցվել է կոթող՝ մեսրոպյան այբուբենի երկաթագիր տառերով (1964թ.)։ 

Եկեղեցու ներսը նկարազարդված է «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարով. Մեսրոպ Մաշտոցը նորաստեղծ այբուբենը ձեռքին, շրջապատված աշակերտներով, աջ կողմում՝ հայրապետական գահին բազմած, Սահակ Ա Պարթևը, կողքին՝ Վռամշապուհ թագավորը և թագուհին, Վահան Ամատունի իշխանը և նախարարները, նրանց վերևում Արարատի ձյունազարդ գագաթն է և Հռիփսիմեի տաճարը:

Կենտրոնում, պատուհանի ապակու վրա, պատկերված է հայոց այբուբենը՝ ողողված պայծառ լույսով։

«Փառք հայ գրի և դպրության» որմնանկարի էսքիզի հեղինակն է նկարիչ Հովհաննես Մինասյանը (1928 - 1972)

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու քանդակազարդ դուռը տեղադրվել է 2013 թվականին։ Այն պատկերում է Հայոց Այբուբենը, վերևում Սուրբ Մեսրոպ Մաշտոցն է, Հայոց Վռամշապուհ արքան եւ Սուրբ Սահակ Հայրապետը. նրանց շնորհիվ 405 թ.-ին ունեցանք Հայոց Այբուբենը՝ մեր կարևոր ազգային ձեռքբերումներից մեկը։

 

Author's cover photo
Ամսաթիվ 28 / Մարտ / 2020 : 22-08
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 52028անգամ
Վերջին լուրեր