21 / Դեկտեմբեր / 2022 : 11-44

Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ. Հրանուշ Եղոյան


Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է դիմահարդար Հրանուշ Եղոյանը, որը կիսեց մեզ հետ իր խոհերը կանացի գեղեցկության, դիմահարդարման առանձնահատկությունների, խնամքի և նորաձևության մասին:

-Ի՞նչն ամենաշատը Ձեզ գերեց դիմահարդարման ոլորտում:

-Ամենաշատը ինձ գերեց այն, որ ես կարող եմ իմ գեղեցկության տեսությունը ներկերի, գույների, գծերի միջոցով էլ ավելի արտահայտիչ դարձնել ,տեսնել այն գեղեցիկը, ինչը որ ես տեսնում եմ ցանկացած կնոջ մեջ, իր յուրահատկությունը, առանձնահատկությունը և անկրկնելիությունը:

-Ի՞նչն է առավելագույնը ընդգծում կնոջ գեղեցկությունը:

-Առավել գեղեցիկ կինն ինձ համար այն կինն է, որը շեշտելով իր անհատականությունը շատ մեծ դեր է հատկացնում խնամքին, իսկ խնամված լինելը ինձ համար գեղեցկության ամենակարևոր գրավականներից մեկն է: Խնամվածությունը հիմնային համարելով՝ կարող ես կերտել քո սեփական գեղեցկության չափանիշը:
-Յուրաքանչյուր տարիք և եղանակ պահանջու՞մ է առանձնահատուկ խնամք:

-Հիգիենան և խնամքը իմ կարծիքով պետք է ցանկացած երեխայի, բայց հատկապես աղջիկ երեխաներին պետք է մանկուց սովորեցնել, որ այն դառնա առօրյայի մի մաս: Խնամել պետք է ինչպես դեմքը, այնպես էլ մարմինը, հոնքերը, վարսերը: Իսկ դրա համար կան ցանկացած տարիքային խմբի համար նախատեսված խնամքի միջոցներ: Լավ կլինի, որ վաղ տարիքում՝ դեռահասության շրջանում աղջիկներին ուղղորդեն մայրերը, քույրերը և արդեն ըստ տարիքի մինչև խոր ծերություն խնամքին տալ մեծ դեր: Այստեղ ուզում եմ շեշտել, որ խնամքը այն միջոցը չէ, որ թաքցնում է տարիքը, այլ թույլ է տալիս ցանկացած տարիքում իդեալական տեսք ունենալ: Իսկ ինչ վերաբերում է տարվա եղանակներին, ամռան շրջանում խնամքի միջոցները պետք է լինեն ավելի թեթև, գելային, ոչ շատ յուղոտ, քանի որ արևոտ եղանակին յուղային նյութերը ավելի շատ չորություն են հաղորդում մաշկին, դրա համար պետք է ավելի թեթև, արագ ներթափանցող փոքր մոլեկուլային քաշ ունեցող նյութերով խնամել ամռանը և խոնավեցնել մաշկը ցանկացած եղանակի պարագայում, որովհետև հաճախ լսում եմ միֆեր, որ ձմռան շրջանում չի կարելի խոնավեցնել մաշկը. դա կատարյալ հիմարություն է, պետք է խոնավեցնել բոլոր տեսակի մաշկերը տարվա բոլոր եղանակներին:

-Ի՞նչ պետք է լինի յուրաքանչյուր կնոջ դիմահարդարման պայուսակում:

-Այսօրվա նյութերը այնքան կայուն են, եթե նույնիսկ առավոտյան դիմահարդարվել եք, հնարավոր է օրվա ընթացքում կարիք չլինի շտկումներ անելու, ինչը հաճախ ինձ հետ լինում է: Ես հաճախ ունենում եմ ուղղակի մի հայելի այտերի գունաներկով և շուրթերի փայլ,այլ պարագաներ երբևէ չեմ ունենում: Կարևոր է այն, թե ինչին է կինը նախապատվություն տալիս, բայց կարծում եմ, որ հայելին է պարտադիր, որպեսզի կարողանա ստուգի, արդյոք ամեն ինչ լավ է դեմքին, մնացածը ըստ նախընտրության.մեկը աչքերն է շպարում, մեկը շեշտադրում է հոնքերը, շուրթերը, այտերը, դիմափոշուն տեղ են տալիս, եթե յուղոտ մաշկ ունի կինը, դրա համար ամեն մեկը պետք է իր նախընտրած պարագային նախապատվություն տա:
-Համամի՞տ եք, որ անձի ներաշխարհն ու արտաքինը միշտ ներդաշնակ են:

-Այո, ներդաշնակ են ,շատ հազվադեպ է լինում, որ չհամընկնեն: Բայց այստեղ կարևորում եմ ,թե ինչ աուրա է տիրում կնոջ հոգում: Բարությունը, ուրախությունը, պոզիտիվ էներգիան դրոշմվում է դեմքին: Եթե մարդ անընդհատ լարված է, չար մտքերով է տարված, դա համապատասխան դրոշմ է լինում դեմքին և այդ պարագայում ոչ մի բան չի օգնի և դա ինքնըստինքյան տգեղացնում է կնոջը:

-Ո՞ր հայ արտիստներն են աչքի ընկնում իրավիճակին բնորոշ ճիշտ դիմահարդարմամբ:

-Դիմահարդարման ասպարեզում ես շատերի հետ երկար ճանապարհ եմ անցել: Կարող եմ ասել, որ բոլոր արտիստներն էլ բավականին տեղին են ամեն ինչ անում: Հազվադեպ կարող ենք տեսնել խիստ և կոպտագույն սխալներ բեմին, որովհետև դիմահարդարման և վարսահարդարման ոլորտը Հայաստանում բավականին զարգացած է: Ավաղ, հեռուստատեսությունը այդ առումով ավելի կաղում է, բայց երգիչները միշտ տեղին են դիմահարդարված:
-Բնավորության ինչպիսի՞ գծերով առանձնացող մարդկանց հետ երբևէ չեք աշխատի:
-Կարող եմ ասել,որ գրեթե նման մարդիկ էլ ինձ չեն հանդիպում, որովհետև տարիների ընթացքում ինքս հոգեբանորեն պատրաստ եմ տարատեսակ բնավորությամբ մարդկանց հետ շփվելուն:Այստեղ կարևորը հաճախորդին փոխադարձ վստահություն ներշնչելն է, որ դու էլ ես շահագրգռված, որ ինքը քեզ մոտից դուրս է գալու այն գեղեցկության ակնկալիքով, որը սպասել է:Ես շատ շփվող մարդ եմ, կարողանում եմ ցանկացած մարդու հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանել: Ունեմ հաճախորդներ, որ երկար տարիների համագործակցության արդյունքում դարձել ենք ընկերներ: Մեզ մոտ փոխադարձ վստահություն կա, ինչը ամենակարևորն է:

-Ի՞նչն է այսօր Ձեզ ամենաշատը վախեցնում:
-Երբ մարդը կորցնում է չափի զգացումը, արդեն ինձ վախեցնում է: Ցանկացած նորաձևության մեջ,ամեն ինչը, երբ հասնում է ծայրաստիճան արտահայտված լինելուն,արդեն համարվում է մոդայից դուրս: Նորաձևությունը այդպիսին է թե՛ հագուստի մեջ, թե՛ վարսահարդարման մեջ, թե՛ դիմահարդարման մեջ, դրանք շատ փոխկապակցված են իրար հետ: Երբ կոշիկը բարձրանում, բարձրանում հասնում է ծայրահեղ բարձրության,հետո նորաձև է դառնում ավելի ցածր ու հարմարավետ կոշիկը:Նույնն էլ դիմահարդարումը,երբ չափի զգացումը կորում է, ուրեմն հասել է ծայրաստիճան վատ վիճակին և այդ ժամանակ պետք է ուղղակի չափի զգացումը չկորցնել,միշտ ամեն ինչը գեղեցիկ է դիտվում չափի մեջ: Ես փոփոխություններին կողմ կլինեմ այն ժամանակ,եթե դրանք լինեն հղկման արդյունք, բայց եթե կտրուկ փոփոխություններ են, որը օտար դեմք ու մարդ է դարձնելու, այդ նույն մարդուն չեմ ընդունում ու չեմ հարմարվում այդ մտքի հետ:

-Ինչպիսի՞ն է սիրո Ձեր բնորոշումը:
-Սերը գեղեցիկ զգացմունք է,առանց սիրո ոչինչ հնարավոր չէ,պետք է ամեն ինչի մեջ տեսնես գեղեցիկը: Դա բնավորություն է,կամ այդպիսին ես, կամ պետք է քեզ կերտես այդպիսին, որ ամեն ինչի մեջ տեսնես գեղեցիկը:


-Կինը գեղեցիկ է, երբ...
-Երբ ներքին փայլ ունի:Ըստ իս կնոջը գեղեցկացնում է համբերատարությունն ու հանդուրժողականությունը, աշխատասեր ու մաքրասեր լինելը, խելացիությունն ու կիրթ պահվածքը:
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 36713անգամ
Վերջին լուրեր