31 / Հունվար / 2020 : 13-33

ԱՐՀԵՍՏԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԲՆԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին ժամանակներս վիրահատական միջամտությամբ փոփոխություններ կատարած մարդկանց թիվն իսկապես ավելացել է: Պլաստիկ վիրահատություններն այնքան մեծ տարածում են գտել, որ թվում է՝ պլաստիկ վիրաբույժին այցելելը նույնն է, ինչ կոսմետոլոգին կամ մատնահարդարին հաճախելը:

Հայաստանում պլաստիկ վիրահատության են դիմում հիմնականում 18-40 տարեկան կանայք և աղջիկները: Վիրահատությունների արժեքը  կախված է վիրահատող բժշկի մասնագիտական որակից, ինչպես նաև բուժհաստատության հեղինա­կու­թյունից:

Պլաստիկ վիրաբույժ Կարեն Պետրոսյանը նշում է, որ Հայաստանում ամենա­տարածվածը քթի վիրահատություններն են, որն էլ ավելի շատ կապված է կոմպլեքսների հետ. «Հայերիս մեջ նստած է հայկական քիթ ասվածը, ինչը բերում է քթի վիրահատությունների աճին: Բայց, այնուամենայնիվ, շատ են միջնապատի հետ կապված խնդիրները, միայն գեղեցկանալու մոլուցքը չէ որ մարդկանց տանում է այդ քայլին»:

Վերջին ժամանակներում Հայաստանում ավելացել է նաև կրծքերի և շրքունքների պլաստիկ վիրահատությյունների թիվը, որը, պարոն Պետրոսյանի խոսքերով, ավելի շատ 30-ն անց կանանց և աղջիկների մոտ է տարածված, քանի որ որքան կինը մեծանում է, նրա մարմինը կրում է ֆորմալ փոփոխություններ. «Եթե նախկինում կրծքերի պլաստիկ վիրահատություն տարեկան անում էինք 10-15 անգամ, ապա այժմ այդ թիվը  2-3 անգամ ավելացել  է»:

Հետվիրահատական խնդիրներ առաջանում են յուրաքանչյուր վիրահատությունից հետո, սակայն մինչ վիրահատությունն իրականացնելը կատավում են մի շարք լաբորատոր հետազոտություններ՝ հետագա բարդություններից խուսափելու համար. «Այդ հետազոտությունները մենք կատարում ենք, որպեսզի հասկանանք արդյո՞ք տվյալ անձնավորությունը չունի ալերգիաներ մի շարք դեղամիջոցների նկատմամբ, կամ առկա՞ են հիվանդություններ, որոնք կարող են խանգարել մեզ կատարել վիրահատություն»,- նշեց Կարեն Պետրոսյանը` ավելացնելով, որ ալերգիա ունեցող մարդկանց ընդհանրապես արգելվում է կատարել պլաստիկ վիրահատություն, իսկ շաքարային դիաբետով այցելուներին խորհուրդ են տալիս զերծ մնալ, քանի որ հետո կարող են առաջանալ բարդություններ:

Իսկ այն վարկածը, որ կրծքի պլաստիկ վիրահատությունն ավելացնում է կնոջ մոտ  քաղցկեղի առաջացման հավանականությունը, բժիշկը համարում է ուղղակի միֆ. «Քսանից ավելի տարվա հետազոտություններ կան, որոնք ապացուցում են, որ կրծքի պլաստիկ վիրահատությունն ընդանրապես չի նպաստում քաղցկեղի առաջացմանը»:

Պարոն Պետրոսյանը նաև հավելեց, որ կրծքի իմպլանտները չեն խանգարում  կրծքով կերակրող մայրիկներին. «Մենք իմպլանտները դնում ենք մկանի տակ և կրծքագեղձին չենք կպնում, հետևաբար՝ կարելի է նորածնին մայրական կաթ տալ»:

Կարեն Պետրոսյանի կարծիքով՝ եթե կան առողջական խնդիրներ, դրանք շտկելը շատ ճիշտ որոշում է. «Ես որպես տղամարդ կողմ եմ բնական գեղեցկությանը, բայց, եթե կան առղջությանը վնաս հասցնող խնդիրներ, կամ ինչու ոչ, նաև  արտաքնային մինուսներ, որոնք շտկելով կինն իրեն կսկսի զգալ ինքավաստահ և ավելի գեղեցիկ, կարելի է դիմել վիրահատական միջամտության, բայց չափի զգացումը պահելով»:

Վերջին ժամանակներս վիրահատական միջամտությամբ փոփոխություններ կատարած մարդկանց թիվն իսկապես ավելացել է: Պլաստիկ վիրահատություններն այնքան մեծ տարածում են գտել, որ թվում է՝ պլաստիկ վիրաբույժին այցելելը նույնն է, ինչ կոսմետոլոգին կամ մատնահարդարին հաճախելը:

Հայաստանում պլաստիկ վիրահատության են դիմում հիմնականում 18-40 տարեկան կանայք և աղջիկները: Վիրահատությունների արժեքը  կախված է վիրահատող բժշկի մասնագիտական որակից, ինչպես նաև բուժհաստատության հեղինա­կու­թյունից:

Author's cover photo
Ամսաթիվ 31 / Հունվար / 2020 : 13-33
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 11037անգամ
Վերջին լուրեր