18 / Մարտ / 2024 : 15-54

Ծաղկազարդ․ ինչպե՞ս են մարդիկ նշում Քրիստոսի մուտքը Երուսաղեմ

Ծաղկազարդի տոնին ընդառաջ՝ Yelaket.am-ը ներկայացնում է տոնի պատմությունը, խորհուրդը և նշման ծիսակարգը։
Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին այս տարի նշելու է մարտի 24-ին (2024թ):

Այդ օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, երբ նա իր վրա վերցնելով մարդկության մեղքերը: Այս տոնի գոյության և Քրիստոսի մուտքի մասին վկայում են բոլոր չորս ավետարանիչները: Զատկի տոնախմբության համար Երուսաղեմ գնացող մարդիկ դուրս են եկել Քրիստոսին ընդառաջ՝ բացականչություններով ընդունելով նրան։ Նրանց ձիթենու եւ արմավենու ճյուղեր, ինչպես նաեւ իրենց զգեստներն էին փռում ճանապարհի վրա: Հիսուսի առջեւ հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր եւ ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ եւ հանդիսավորություն: Ծաղկազարդից մեկ օր առաջ` շաբաթ օրը, կատարվում է տոնի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հենց Ծաղկազարդի օրը՝ ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Տոնի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը եւ բաժանում ժողովրդին: Մարդիկ փորձում են հնարավորինս շատ ճյուղեր իրենց հետ տուն տանել, քանի որ ճյուղերին վերագրվում էր չարխափան և առատացնող զորություն, և դրանք օգտագործում էին տարբեր առիթներով՝ մինչև հաջորդ Ծաղկազարդը։
Ծաղկազարդի երեկոյան կատարվում է նաև Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում, «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։

Վարդապետներն ասում են, որ Քրիստոսն այդ օրը եկավ իր չարչարանքների վայր, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծու Գառը, Ով կամենում է պատարագվել մարդկության փրկության համար:

Ծաղկազարդը համարվում է նաև մաքրվելու տոն։ Ինչպես ժողովուրդը կարրողացավ Երուսաղեմում մաքրել իր մեղքերը, այնպես էլ հիմա տոնին եկեղեցի այցելությունը և պատարագին ներկա գտնվելը մեղքերի մաքրման միջոց է։
Հաճախ Ծաղկազարդի օրը՝ Մեծ պասի ընթացքում առաջին անգամ տեղի էր ունենում հանպատրաստի նշանադրություն։ Փեսացուի մայրը, նախապես համաձայնեցրած լինելով հարսնացուի մոր հետ, վերցնում էր ուռենու ճյուղի վրա տեղադրված մոմերից մեկը, վառում այն, վրան հագցնում նշանդրեքի մատանին և հանձնում հարսնացուին։ Հարսնացուն ընդունում էր մատանին և համարվում էր նշանված։
Լիլիթ Սիմոնյանը «Տոմարային ծիսաշար» հազորդման շրջանակներում խոսում է ժողովրդի ավանդույթների, երգերի, պատմությունների և Ծաղկազարդը տոնելու տարբեր ձևերի մասին։

«Ուռենին, որպես գարնան առաձին ծառ, այս տոնի մեջ մեծ դեր ունի։ Եթե Քրիստոսի մուտքը խորհրդանշող բույսը շատերի համար ձիթենու ճյուղն է, ապա մեզ՝ հայերիս համար, դրան փոխարինելու է գալիս ուռենին»։
«Վասպուրականցները հավատում էին, որ ուռենու օրհնված ճյուղերը տնկելով՝ այդ ծառի ճյուղերով հետագայում կարող էին հրաշքներ գործել։ Սուրմալվեցիները և պարսկահայերն էլ իրենց հերթին տնկված ուռենու ծառերը սրբազան պուրակների էին վերածում»։
Դիտվել է 13554անգամ
Վերջին լուրեր